USD389.76EUR406.4RUB3.79

Ապրիլի 1-ին երկնքում ջազ է հնչելու ․․․

Նրան շատ հաճախ կարելի էր տեսնել Կասկադի հարևանությամբ գտնվող սրճարանում․ հրաշալի գիտեր ջազի պատմությունն ու հանրահայտ ջազմեններին։ Հայտնի ջազմեն, թմբկահար Արմեն Թութունջյանի (Չիկո) և իր հեղինակած «Ջազը Հայաստանում» գրքի մասին երաժիշտ ընկերները մեծ ոգևորությամբ են խոսում: Գիրքը լույս տեսավ սկզբում ռուսերեն, այնուհետև թարգմանվեց նաև հայերեն։  

Անվանի ջազմեն, թմբկահար, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Արմեն «Չիկո» Թութունջյանի 80-ամյակին նվիրված մեծ համերգ է տեղի ունենալու ապրիլի 1-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Հայաստանի պետական ջազ նվագախմբի մասնակցությամբ երեկոն կրելու է «Չիկոյի ջազի ժամը» խորագիրը: Համերգը նախաձեռնել են երաժշտի որդին՝ Հայկ Թութունջյանը և ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Հյուսնունցը, իսկ երաժշտական ղեկավարը սաքսոֆոնահար Դավիթ Մելքոնյանն է: Ելույթ են ունենալու ջազի վարպետներ Վահագն Հայրապետյանը, Մարտին Վարդազարյանը, Լևոն Մալխասյանը և ուրիշներ: Մասնակցելու են ավագ ու երիտասարդ սերնդի թմբկահարներ, որոնք եղել են երաժշտի տարբեր տարիների աշակերտները։ Համերգային ծրագրում հնչելու են պրեմիերաներ ու նոր ստեղծագործություններ, որոնք հատուկ երեկոյի համար են գրվել, կհնչեն նաև Չիկոյի հեղինակային ստեղծագործությունները հենց ջազ նվագախմբի համար: 

Ապրիլը ջազային ամիս է ու ամբողջ աշխարհում, տեղի են ունենում երաժշտական տարբեր միջոցառումներ։

Ապրիլի 1-ը համարվում է Հայաստանի պետական ջազ նվագախմբի ստեղծման օրը։ Ու պատահական չէ ընտրված Թութունջյանին նվիրված երեկոն անցկացնել հենց այդ օրը։ Այս տարի Արմեն Թութունջյանը 80 տարեկան կդառնար…

 Մեծանուն երաժշտի կյանքում մեծ ազդեցություն թողեց ու մասնագիտության ընտրության հարցում վճռորոշ դեր խաղաց «On the Sunny Side of the Street» երգը։ Մանուկ հասակում լսած առաջին ջազ կատարումն էր, որը և բախտորոշ դարձավ: Ի դեպ, երաժշտի որդու՝ Հայկ Թութունջյանի փոխանցմամբ, երկու արժեքավոր ստեղծագործություններ՝ «Christina’s Eyes»-ը և «Waltz for Mom»-ն առաջին անգամ են հնչելու նոր մշակումներով ու նվագախմբի կատարմամբ։

Չիկոն շատերի կյանքում է իր հետքը թողել, կրթել սերունդներ, որոնք այսօր իրենց հերթին կերտում են պատմություն։ Հայկական ջազում յուրահատուկ խորհրդանիշ դարձած Չիկոն այսօր էլ վարակում է ջազով։ 

Ապրիլի 1-ին երկնքում ջազ է հնչելու․․․․

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ