Այն անցել է Ղազախստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Իրանի տարածքներով։ Չինաստանից Հայաստան բեռնափոխադրումները տևել են մոտ 20 օր։ Առաջին բեռնատարի դիմավորման միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը, ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետնիյազ Մաշալովը, Ուզբեկստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արամ Գրիգորյանը, ինչպես նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանը։
«Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակներում ուղեբեռը չին-ղազախական սահմանից Հայաստան տեղափոխած բեռնատարի վարորդը, ներկայացնելով անցած ճանապարհն ու կիսվելով իր տպավորություններով, ևս նշեց, որ բեռնափոխադրումը տևել է մոտավորապես 20 օր։
«Իմ անունը Կայրաթ է, ես Ղազախստանից եմ։ Բեռը տեղափոխել եմ Չինաստանից Հայաստան․ սա իմ առաջին ուղևորությունն է դեպի Հայաստան։ Իհարկե, ճանապարհը բավականին երկար է։ Կան ինչպես լավ, այնպես էլ վատ ճանապարհներ։ Հայաստանում ճանապարհներն անցնում են շատ բարձր սարերով և ձորերով։ Չինաստանի հետ Ղազախստանի սահմանից այստեղ եմ հասել մոտ 20 օրում»,- ասել է վարորդը։