Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հայտարարություն է տարածել՝ քաղաքացիներին զգուշացնելով վերջին շրջանում ինտերնետային հարթակներում գրանցվող կիբերհարձակումների և խարդախության դեպքերի աճի մասին։
ԱԱԾ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ որոշ անձինք առանց թույլտվության փորձում են մուտք գործել քաղաքացիների համակարգչային տվյալների բազաներ՝ դրանք մուտքագրելու, փոփոխելու, ոչնչացնելու կամ արգելափակելու նպատակով, ինչպես նաև տարբեր եղանակներով միջամտում են համակարգչային համակարգերի աշխատանքին։
Հայտնի են դեպքեր, երբ խարդախները տարբեր պետական կառույցների աշխատակիցների կամ պաշտոնատար անձանց անունից, հատկապես WhatsApp հավելվածի միջոցով, շփվել են քաղաքացիների հետ՝ փորձելով ստանալ անձնական կամ բանկային տվյալներ, ինչպես նաև պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ։
ԱԱԾ-ն հորդորում է քաղաքացիներին չվստահել նման հաղորդագրություններին, չտրամադրել անձնական և ֆինանսական տվյալներ, և կասկածելի դեպքերի դեպքում անմիջապես դիմել իրավապահ մարմիններին։
Ծառայությունը նաև ընդգծում է, որ նմանատիպ խախտումները գտնվում են ԱԱԾ մշտադիտարկման տիրույթում, և ենթադրյալ հանցանք կատարած անձինք կբացահայտվեն ու կպատժվեն օրենքով սահմանված կարգով։