Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտնել է, որ Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է իր պատրաստակամությունը՝ թույլատրելու ռուսական ապրանքների տարանցումը դեպի Հայաստան իր երկաթուղային համակարգով։
«Երկու օր առաջ ադրբեջանական կողմը հաստատել է իր երկաթուղիները օգտագործելու հնարավորությունը ռուսական ապրանքների Հայաստան տարանցման համար։ Այս ոլորտում զգալի առաջընթաց է գրանցվել», — նշել է Օվերչուկը։
Նրա խոսքով՝ «Ռուսական երկաթուղիները» (ՌԵ) ներկայումս համագործակցում են տարածաշրջանային գործընկերների հետ՝ լուծելու կազմակերպչական և տեխնիկական հարցերը։
Բացի այդ, Ռուսաստանի Գյուղատնտեսության նախարարությանը հանձնարարական է տրվել մշակելու նոր լոգիստիկ երթուղի՝ ապահովելու ապրանքների անխափան մատակարարումը Հայաստանի ուղղությամբ։
Այս հայտարարությունը դիտարկվում է որպես կարևոր քայլ տարածաշրջանային տնտեսական հաղորդակցությունների վերականգնման ուղղությամբ։