Հոկտեմբերի 17-ը աշխարհում նշվում է որպես աղքատության վերացման միջազգային օր, իսկ Հայաստանի վիճակագրական տվյալները, թեև ցույց են տալիս որոշակի առաջընթաց, սակայն խնդիրը շարունակում է մնալ արդիական։
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած «Պարենային ապահովություն և աղքատություն, 2024 թ. հունվար-դեկտեմբեր» զեկույցի համաձայն՝ 2023 թվականին Հայաստանի բնակչության 23.7%-ն աղքատ է։ Թեև ցուցանիշը նախորդ տարվա 24.8%-ից նվազել է 1.1 տոկոսային կետով, աղքատության մակարդակը դեռևս բարձր է, հատկապես գյուղական համայնքներում։ Մասնավորապես՝ քաղաքներում այն կազմել է 21.5%, իսկ գյուղերում՝ 27%։
Ծայրահեղ աղքատության մակարդակը ևս նվազել է՝ 2022 թվականի 1.2%-ից հասնելով 1.1%-ի։
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը, անդրադառնալով տվյալներին, շեշտել է, որ աղքատությունը շարունակում է մնալ երկրի գլխավոր սոցիալական մարտահրավերներից մեկը։
«Դրա հաղթահարման համար առանցքային է ծառայությունների հասանելիությունն ու մատչելիությունը, հատկապես այնպիսի խմբերի համար, ինչպիսիք են երեխաները, տարեցները, հաշմանդամություն ունեցող անձինք, կանայք, տեղահանվածները և այլ խմբեր, որոնք առավել զգայուն են աղքատության նկատմամբ»,- գրել է պատգամավորը։
Բաթոյանի խոսքով՝ վերջին տարիներին պետության կողմից տրամադրվող սոցիալական ծառայությունների ծավալն ավելացել է, սակայն խնդիր է մնում դրանց մասին պատշաճ իրազեկման և տեղեկատվության մատչելիության պակասը։ Նա ընդգծել է նաև, որ անհրաժեշտ է պարզեցնել գործող ծրագրերի ընթացակարգերը, որպեսզի աջակցությունը քաղաքացիներին հասնի արագ և նպատակային։
«Մենք պետք է ամեն բան անենք, որպեսզի նվազեցնենք մարդկանց կախվածությունը սոցիալական աջակցության ծրագրերից, սակայն դրանց տրամադրումը պետք է հիմնված լինի խտրականության բացառման, մարդու իրավունքների և արժանապատվության հանդեպ հարգանքի սկզբունքների վրա»,- նշել է Բաթոյանը։
Փաստերը վկայում են, որ Հայաստանի սոցիալական համակարգը որոշ բարելավումներ է արձանագրում, սակայն աղքատության հաղթահարումը դեռևս պահանջում է համակարգային և հետևողական քաղաքականություն՝ ներառելով ինչպես տնտեսական, այնպես էլ կրթական և մարդկային զարգացման գործոններ։