USD382.53EUR444.42RUB4.7057

«Ակադեմիական քաղաքը կդառնա Հայաստանի ապագան կանխատեսելու հարթակ». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Ակադեմիական քաղաք Հայաստան» միջազգային գիտելիքների ֆորումին և հանդես եկել հիմնական ելույթով՝ «Ապագայի կանխատեսում» թեմայով։

Փաշինյանը շեշտել է, որ կրթությունը մարդկության ապագան կանխատեսելու ամենակարևոր գործիքն է․

«Կրթությունը մարդկության ապագան կանխատեսելու հարթակ է, և Ակադեմիական քաղաքի նախագիծը, ըստ էության, նպատակ ունի ամրապնդել այդ համակարգը և այն վերածել պետության ապագան կանխատեսելու համակարգի»։

Վարչապետի խոսքով՝ Ակադեմիական քաղաքը կոչված է դառնալու գիտելիքի և նորարարության կենտրոն՝ նպաստելով երկրի զարգացման ռազմավարական ուղղությունների ձևավորմանը։

Նա հատուկ ընդգծել է նաև ավագ դպրոցների համակարգի դերը նախագծում․

«Մենք նախատեսում ենք ստեղծել արվեստի ավագ դպրոց, տեխնոլոգիական ավագ դպրոց և տարբեր ուղղվածություններով ավագ դպրոցներ։ Մեր նպատակն է՝ երկրի ամենախոստումնալից երեխաներին հնարավորություն տալ միջանկյալ փուլում անցում կատարել բարձրագույն և հետբուհական կրթության»։

Փաշինյանի խոսքով՝ յուրաքանչյուր երեխա բացառիկ տաղանդ է, և կրթական համակարգի առաքելությունը պետք է լինի այդ տաղանդի բացահայտումն ու զարգացումը։

Վերջում վարչապետը հավելել է․

«Կյանքն ինքնին ուսուցման գործընթաց է, և մեր խնդիրն է այդ գործընթացը դարձնել ավելի ինստիտուցիոնալ, նպատակային և տեղեկատվական։ Ակադեմիական քաղաքը պետք է դառնա Հայաստանի կյանքի ծանրության կենտրոնը, որը կորոշի մեր երկրի ընթացքը անհատական, խմբային, համայնքային և ազգային մակարդակներում»։

Ֆորումը նպատակ ունի միավորել գիտնականների, մանկավարժների, տեխնոլոգիական և պետական կառույցների ներկայացուցիչներին՝ քննարկելու կրթության, գիտության և նորարարության համադրության նոր ձևաչափերը Հայաստանում։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ