ԱՄՆ-ի ու Եվրամիության երկրների ռազմարդյունաբերական համալիրի ութ հիմնական կորպորացիաներ 2023 թվականի վերջի դրությամբ ընդհանուր շուրջ 750 միլիարդ դոլարի զենքի և զինամթերքի արտադրության պատվերներ են ստացել։ Սա ոլորտի պատմության մեջ ամենաբարձր մակարդակն է, հայտնում է ճապոնական Nikkei տնտեսական պարբերականը՝ վկայակոչելով իր փորձագետներին և միջազգային հետազոտական կենտրոնների տվյալները։
Պատվերների ռեկորդային աճի ֆոնին ԱՄՆ-ի և ԵՄ-ի ռազմարդյունաբերական համալիրի ութ խոշորագույն կորպորացիաները 2024 թվականին արտադրության ընդլայնման համար 10,5 միլիարդ դոլար կներդնեն։ Սա նույնպես պատմության մեջ ներդրումների ամենաբարձր մակարդակն է։
Այս ներդրումների ծավալն ավելի քան 30%-ով գերազանցում է 2019 թվականի մակարդակը և 8%-ով՝ 2023-ի ցուցանիշը։ Սպառազինության արտադրության նման աճը պարբերականը կապում է Արևմուտքի երկրների կողմից Ուկրաինա ռազմական մատակարարումների, ինչպես նաև Մերձավոր Արևելքում ստեղծված լարված իրավիճակի հետ։
Մասնավորապես, ամերիկյան Lockheed Martin կորպորացիան մտադիր է մինչև 2027 թվականը Patriot PAC-3 հակահրթիռային պաշտպանության համակարգերի համար զինամթերքի արտադրությունն ավելացնել ավելի քան 30%-ով՝ դրանց թիվը հասցնելով տարեկան 650-ի։ 2025 թվականին HIMARS բազմակի արձակման հրթիռային կայանների համար հրթիռների արտադրությունը կավելանա ավելի քան 30%-ով։ Բրիտանական խոշորագույն ռազմարդյունաբերական BAE Systems կորպորացիան իր հերթին ծրագրում է ութ անգամ ավելացնել 155 մմ տրամաչափի հաուբիցների արտադրական հզորությունը։
Ակնկալվում է, որ 2024 թվականին ԱՄՆ-ի և ԵՄ-ի ռազմարդյունաբերական համալիրի ութ առաջատար կորպորացիաների զուտ շահույթը, 2023 թվականի համեմատ, կաճի 13 տոկոսով և կհասնի 29,4 միլիարդ դոլարի։ 2025-ին այն պետք է հասնի 32,1 միլիարդ դոլարի, ինչը նաև կդառնա ոլորտի պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշը։