USD389.76EUR406.4RUB3.79

ԱՄՆ Կառավարությունը կրկնապատկում է Հայաստանին տրամադրվող ֆինանսավորման

Միացյալ Նահանգները և Հայաստանի Հանրապետությունն իրենց գործընկերության պատմության մեջ ևս մեկ կարևոր քայլ կատարեցին՝ ստորագրելով Զարգացմանն ուղղված դրամաշնորհային համաձայնագրի թիվ մեկ փոփոխությունը: Այս թարմացման շնորհիվ ավելի քան կրկնապատկվում է ԱՄՆ ՄԶԳ-ի համաձայնագրի շրջանակում տրամադրվող գումարի շեմը՝ 120 միլիոն դոլարից դառնալով 250 միլիոն դոլար, ինչպես նաև ընդլայնվում են համատեղ աշխատանքի ոլորտները: 

Ընդլայնված համաձայնագիրը կներառի այնպիսի առանցքային ոլորտներ, ինչպիսիք են աղետների պայմաններում պատրաստվածությունը, կիբեռանվտանգությունը, պարենային և էներգետիկ անվտանգությունը, տարածաշրջանային համագործակցությունն ու առևտուրը, ժողովրդավարական գործընթացները և տնտեսական ներառական զարգացումը: Այն արտահայտում է մեր հաստատակամ հանձնառությունը՝ օգնելու Հայաստանին դառնալ առավել ներառական, ժողովրդավարական և տնտեսապես կայուն երկիր։ 

«Այս փոփոխությունը ցույց է տալիս մեր հանձնառությունը Հայաստանի հետ մեր գործընկերությանը: Մեծացնելով մեր աջակցության ծավալը և ընդլայնելով մեր ծրագրերը՝ մենք օգնում ենք Հայաստանին զարգանալ և հաջողության հասնել: Մեր աշխատանքը Հայաստանի կառավարության և նախարարությունների հետ վճռորոշ դերակատարություն ունի մեր ընդհանուր նպատակներին հասնելու գործում», – ասել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն:

Համագործակցության համաձայնագրի այսօրվա ստորագրումը երկարատև համագործակցության ևս մեկ արդյունք է։ 1992 թվականից ի վեր, Միացյալ Նահանգները  մոտ 3 միլիարդ դոլար է տրամադրել՝ աջակցելու Հայաստանի զարգացմանը։ Այս նոր համաձայնագիրը նախորդների հաջողության արդյունքն է, որոնք միտված են եղել ստեղծել մրցունակ մասնավոր հատված, ինչպես նաև բարելավել կառավարումն ու առողջապահական ծառայությունները։ 

ԱՄՆ ՄԶԳ-ն իր աջակցությունը կտրամադրի ըստ Հայաստանի փոփոխվող կարիքների, ներառյալ՝ վերջերս երկրի առջև ծառացած մարտահրավերների և աշխարհաքաղաքական տեղաշարժերի:

«Հայաստանի համար կարևորը ոչ միայն ֆինանսական աջակցությունն է, այլև մեր համատեղ ծրագրերի արդյունքում խթանվող ժողովրդավարական արժեքները, ստեղծարար գաղափարներն ու զարգացած գործարար մշակույթը: Վերջիններիս ներդրումը մեր երկրում թույլ է տալիս իրականացնել հիմնարար բարեփոխումներ և բարձրացնել  քաղաքացիների կյանքի որակը», – ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։  

ԱՄՆ ՄԶԳ-ն ուրախ է շարունակել Հայաստանի հետ գործընկերությունը՝ կարևոր խնդիրների լուծման և զարգացման նոր հնարավորություններ բացահայտելու նպատակով:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ