Արհեստական բանականության տեխնոլոգիաներով զբաղվող Firebird ստարտափը ստացել է ԱՄՆ կառավարության թույլտվությունը՝ Nvidia-ի առաջադեմ Blackwell պրոցեսորները Հայաստան արտահանելու համար, գրում է Bloomberg-ը։ Սա հնարավորություն է տալիս մեկնարկելու Հայաստանում գերհամակարգչային կենտրոնի ստեղծման նախագիծը, որը ներառված է գլոբալ ԱԲ ենթակառուցվածքների ընդլայնման ծրագրում։
Bloomberg-ի տվյալներով՝
- Հայաստանը կունենա տարածաշրջանի առաջին խոշորամասշտաբ ԱԲ տվյալների մշակման կենտրոնը,
- կենտրոնի հզորությունը կլինի 100 մեգավատ,
- ներդրումների սկզբնական ծավալը՝ 500 մլն դոլար,
- նախագծում օգտագործվելու են Dell Technologies ԱԲ սերվերներն ու Nvidia Blackwell չիպերը։
Firebird-ի համահիմնադիր Ռազմիկ Հովակիմյանի խոսքով՝ նախագծի առաջին փուլը կմեկնարկի 2026 թվականի երկրորդ եռամսյակում։
Կենտրոնի հզորությունների
- 20%-ը կօգտագործեն հայաստանյան ընկերությունները,
- 80%-ը տրամադրվելու է տարածաշրջանում գործունեություն իրականացնող ամերիկյան ընկերություններին։
Նախագծի առաջին փուլն իրականացվելու է Firebird-ի ներգրաված փոխառված միջոցների և բաժնետիրական կապիտալի հաշվին։ Հովակիմյանը նշել է, որ ընկերությանը աջակցում է նաև Moderna-ի համահիմնադիր Նուբար Աֆեյանը։
Արտահանման թույլտվությունը տրվել է ԱՄՆ կառավարության կողմից՝ ԱԲ առաջադեմ չիպերի արտահանման սահմանափակումների թուլացման պայմաններում, ինչը հնարավորություն է տալիս Nvidia-ի մի շարք գործընկերների տվյալների կենտրոններ ստեղծել նոր տարածաշրջաններում։