ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ գործող Հայաստանի մեդիայի զարգացման ծրագիրն այս տարվա փետրվարին մեկնարկել է համագործակցությունը 7 լրատվամիջոցների հետ, որոնք բովանդակության ստեղծման դրամաշնորհային ծրագրերի շրջանակում իրականացնելու են ազդեցիկ մեդիա նախագծեր։
Այս նախագծերը խթանելու են բովանդակային քննարկումները հրատապ հանրային հարցերի վերաբերյալ, այդ թվում առողջապահության, կրթության, սոցիալական պաշտպանության, կոռուպցիայի և մարդու իրավունքների թեմաներով, որոնք կարևորվել էին Ինտերնյուսի «Հայաստանում խոսքի ազատության և մեդիայի սպառում» հետազոտության արդյունքներով:
Նախագծերի պաշտոնական մեկնարկի արարողության ժամանակ լրատվամիջոցների ներկայացուցիչները խոսեցին ընտրված թեմաների և ձևաչափերի մասին: Նրանք նաև ծանոթացան Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի շրջանակում ստեղծված՝ լրատվամիջոցների աջակցության բոլոր մեխանիզմներին։
ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ գործող՝ Հայաստանի մեդիայի զարգացման ծրագիրը նպատակ ունի բարելավելու լրագրողական սկզբունքները, խթանելու հանրային նշանակություն ունեցող լրատվամիջոցների մրցունակությունն ու ֆինանսական կենսունակությունը և ձևավորելու նպաստավոր միջավայր՝ հասարակությանը ապատեղեկատվությունից պաշտպանելու համար:
Ծրագիրն իրականացնում են Ինտերնյուս Նեթվորքը՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Երևանի մամուլի ակումբի և «Զինք նեթվորք»-ի հետ համատեղ։