ԱՄՆ ՄԶԳ-ն նպաստում է պետական հաստատություններում բարեվարքության ամրապնդմանը և կոռուպցիայի նկատմամբ զրոյական հանդուրժողականությանը
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հայաստանի բարեվարքության ծրագիրը» վերապատրաստման դասընթացների շարք է կազմակերպել Ազգային ժողովի աշխատակազմի համար՝ բարեվարքության հիմնական բաղադրիչների, այդ թվում՝ շահերի բախման, նվերների ընդունման կանոնակարգերի, անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, ինչպես նաև բարեվարքության հարցերով պատասխանատուների և էթիկայի հանձնաժողովների դերերի և գործառույթների վերաբերյալ: Աշխատաժողովի հիմնական թեմաներից էր նաև Ազգային ժողովի գործունեության մեջ գենդերային հավասարության և սոցիալական ներառականության կարևորությունը:
«Պետական հատվածում բարեվարքության ամուր համակարգերի ստեղծումը կենսական նշանակություն ունի ցանկացած ժողովրդավար երկրի արժեքների ամրապնդման համար: Ես ուրախ եմ, որ Ազգային ժողովը շահագրգռված է ինստիտուցիոնալիզացնել բարեվարքության միջոցառումները, և այդ ճանապարհի առաջին քայլերից մեկն ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքության ծրագրի» կազմակերպած այս կարևոր դասընթացն է», – նշել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն։