ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելան Միացյալ Նահանգներին կմատակարարի 30-ից 50 միլիոն բարել նավթ՝ շուկայական գներով։ Նրա խոսքով՝ նավթի վաճառքից ստացված հասույթը կօգտագործվի «երկու երկրների ժողովուրդների շահերից ելնելով»։
AP գործակալության փոխանցմամբ՝ Սպիտակ տունը ուրբաթ օրն անցկացնելու է հանդիպում ամերիկյան խոշոր նավթային ընկերությունների ղեկավարների հետ՝ Վենեսուելայի շուրջ զարգացումները քննարկելու նպատակով։ Հանդիպմանը նախատեսվում է մասնակցեն Exxon, Chevron և ConocoPhillips ընկերությունների ներկայացուցիչները։
Ըստ անանուն աղբյուրի՝ Թրամփի վարչակազմը փորձում է ճնշում գործադրել Կարակասի վրա՝ Վենեսուելայի նավթարդյունաբերության մեջ ամերիկյան ներդրումներ ապահովելու համար։ Չնայած երկիրը ունի աշխարհի ամենամեծ հում նավթի պաշարները, ոլորտը շարունակում է բախվել լուրջ ֆինանսական և տեխնոլոգիական խնդիրների։
Ներկայում նավթի մեկ բարելի գինը կազմում է մոտ 56 դոլար, ինչի արդյունքում Թրամփի հայտարարած գործարքի ընդհանուր արժեքը կարող է հասնել մինչև 2.8 միլիարդ դոլարի։ Համեմատության համար՝ ԱՄՆ-ն օրական միջինը մատակարարում է շուրջ 20 միլիոն բարել նավթ և նավթամթերք, իսկ Վենեսուելայից նախատեսվող մատակարարումները համարժեք կլինեն մոտ 2.5 օրվա ամերիկյան սպառմանը։
Վենեսուելան ներկայում արտադրում է օրական մոտ 1 միլիոն բարել նավթ, ինչը զգալիորեն ցածր է ԱՄՆ-ի արտադրության մակարդակից․ հոկտեմբերին Միացյալ Նահանգների օրական նավթարդյունահանումը կազմել է 13.9 միլիոն բարել։