Շուրջ մեկ ամիս առաջ՝ օգոստոսի 8-ին Սպիտակ տանը տեղի ունեցած Թրամփ-Ալիև երկկողմ հանդիպման ժամանակ հայտարարվեց, որ Միացյալ Նահանգները Ադրբեջանի հետ նախատեսում է հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի։ Սա, իհարկե, անսպասելի հայտարարություն էր, քանի որ նման կարգավիճակ ստանալու համար Հայաստանի իշխանություններից բավական երկար ժամանակ պահանջվեց, իսկ երկկողմ հանդիպման ժամանակ Ադրբեջանի ղեկավարը հայտարարեց, որ խարտիան կստորագրվի առաջիկա ամիսների ընթացքում:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա երկկողմ ռազմավարական գործընկերության խարտիայի ստորագրումը ԱՄՆ-ի հետ տեղի ունեցավ Բայդենի վարչակազմի իշխանության բառացիորեն վերջին օրերին՝ 2025թ. հունվարի 14-ին, այսինքն՝ Թրամփի՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց ընդամենը 6 օր առաջ:
Նախկինում ԱՄՆ-ն ստորագրել էր համանման ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթեր նախկին խորհրդային հանրապետություններից միայն Վրաստանի և Ուկրաինայի հետ՝ համապատասխանաբար 2009թ. և 2021թ., իսկ 2023թ. Ղազախստանի հետ՝ ռազմավարական փոխգործակցության երկխոսության մասին:
Ադրբեջանի հետ ստորագրվելիք փաստաթղթի տեմպը, եթե համեմատենք այն տեմպի հետ, որ առկա էր հայ-ամերիկյան համանման աշխատանքներում, իսկապես հետաքրքրության է արժանի: Եվ դա այն պարագայում, երբ Հայաստանի իշխանությունները կարծես ակտիվ հարաբերություններ ունեին Բայդենի վարչակազմի հետ, նույնիսկ 2024թ. ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ անթաքույց իրենց աջակցությունն էին հայտնում ԱՄՆ դեմոկրատական կուսակցության թեկնածուին՝ Հարիսին: Այդուհանդերձ, դեմոկրատական վարչակազմի օրոք երկկողմ հարաբերությունները բարձրացվեցին ռազմավարական գործընկերության մակարդակի միայն նրանց պաշտոնավարման վերջին օրերին։
Ադրբեջանին սա հաջողվեց Թրամփի վարչակազմի պաշտոնավարման սկզբի ընդամենը մի քանի ամիսների ընթացքում։ Դեռ ավելին, օգոստոսի 8-ին Ադրբեջանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին խարտիան պատրաստելու համար ռազմավարական աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրման ժամանակ նախագահ Թրամփը հայտարարեց, որ շոյված էր, որ նույնիսկ նախքան ընտրություններում իրենց հաղթանակը Ալիևը «լավ բաներ էր ասում» իր մասին։ Այդ հանդիպման ժամանակ Թրամփը Ալիևին նվիրեց Սպիտակ տան խորհրդանշական բանալին, որը իր խոսքով՝ ինքը «հաճախ չի նվիրում»։
Ադրբեջանը ձգտում է՝ որքան հնարավոր է շուտ կազմել ռազմավարական գործընկերության խարտիան։ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում ԱՄՆ-ի և Հայաստանի ղեկավարների հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Բաքվի և Վաշինգտոնի միջև ռազմավարական գործընկերության խարտիան կմշակվի մի քանի ամսվա ընթացքում։ Իսկ համագործակցության առաջնահերթություն կտրվի այնպիսի ոլորտների, ինչպիսիք են տարածաշրջանային փոխկապակցվածությունը, ներառյալ էներգետիկան, առևտուրը, տնտեսական ներդրումները, արհեստական բանականությունը և թվային ենթակառուցվածքները, ինչպես նաև պաշտպանությունը, անվտանգությունը և ահաբեկչության դեմ պայքարը:
Ակնհայտորեն, Ալիևն ավելի հեշտությամբ է հարաբերություններ կառուցում ներկայիս վարչակազմի հետ։ Ի թիվս մի շարք ձեռքբերումների՝ Ադրբեջանին հաջողվեց գրանցել նաև 907-րդ բանաձևի հերթական շրջանցումը։ Սա ադրբեջանական մամուլում և հենց Ալիևի կողմից ներկայացվում է որպես մեծագույն նվաճում և բանաձևի վերջնական վերացում։ Այդուհանդերձ, վերջնական չեղարկման համար անհրաժեշտ է Կոնգրեսի կողմից համապատասխան օրենսդրական փոփոխության ընդունումը, ինչը երկար և բարդ գործընթաց է և կբախվի հակազդեցության, ներառյալ՝ Կոնգրեսում Հայկական հանձնախմբի կողմից։ Փոխարենը Թրամփը ամենայն հավանականությամբ կշարունակի ամեն տարի շրջանցել 907-րդ բանաձևը։
Իհարկե, ԱՄՆ-Հայաստան հարաբերություններն արդեն իսկ պաշտոնապես գտնվում են ռազմավարական գործընկերության մակարդակում: Ստորագրված փաստաթուղթը ներառում է համագործակցություն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսական համագործակցությունը, անվտանգությունն ու պաշտպանությունը, ժողովրդավարության կառուցումը և այլն: Այնուամենայնիվ, այստեղ հարկ է հասկանալ, որ այն բարձրացվել է այդ մակարդակին հեռացող Բայդենի վարչակազմի կողմից և մեծ հաշվով դրա իմպլեմենտացիան կախված է բացառապես Թրամփի վարչակազմից: Սա կարող է առավել բարդ լինել Հայաստանի ներկայիս իշխանությունների համար, քանի որ նրանք ավանդաբար ավելի լավ հարաբերություններ են ունեցել դեմոկրատական վարչակազմի հետ՝ խուսափելով հանրապետականներից։
Հայաստանի ներկայիս իշխանություններից մեծ ջանքեր են պահանջվելու հանրապետական վարչակազմի հետ հարաբերությունները ջերմացնելու համար, և Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի հետ տեղի ունեցած հանդիպումը, թերևս, չի կարող միջպետական հարաբերությունների կամ օրակարգի հարստացման ցուցիչ լինել։ Իհարկե, իշխանությունները կարծես թե փորձում են քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ՝ ԱՄՆ-ում Հայաստանի նոր դեսպան նշանակելով, քանի որ նախկին դեսպան Լիլիթ Մակունցը ամբողջությամբ ասոցացվում էր դեմոկրատական իստեբլիշմենտի հետ: Նոր դեսպան նշանակելով՝ նախ իշխանությունները փորձում են փակել իրենց դեմոկրատականամետ լինելու վերաբերյալ թեման:
Դրա վառ ապացույցն է նաև վերջերս Նիկոլ Փաշինյանի կողմից կշտամբանքն ու խիստ քննադատությունը Բայդենի վարչակազմի վերաբերյալ: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի իշխանությունները չեն կարողանում ճիշտ և հավասարակշռված քաղաքականություն կիրառել Վաշինգտոնում՝ ԱՄՆ-ի հետ փոխհարաբերություններ կառուցելիս:
Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոն