USD377.84EUR445.25RUB4.9333

ԱՄՆ-ում առաջին անգամ օդային ճանապարհով տեղափոխվել է փոքր միջուկային ռեակտոր

ԱՄՆ Էներգետիկայի և պաշտպանության դեպարտամենտները պատմության մեջ առաջին անգամ իրականացրել են փոքր մոդուլային միջուկային ռեակտորի օդային տեղափոխում։ Valar Atomicsընկերության արտադրած «Ward» ռեակտորը C-17 բեռնատար ինքնաթիռով Կալիֆոռնիայից տեղափոխվել է Յուտայի ռազմաբազա։

Ըստ Reuters-ի՝ փորձարկման նպատակն է ցուցադրել միջուկային էներգիայի արագ տեղակայման հնարավորությունը՝ թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական կարիքների համար, հատկապես հեռավոր և ենթակառուցվածքներից զուրկ շրջաններում։

Միկրոավտոբուսի չափսեր ունեցող սարքը կարող է արտադրել մինչև 5 մեգավատ էլեկտրաէներգիա, ինչը բավարար է շուրջ 5000 տան էներգետիկ պահանջարկը հոգալու համար։ Նախնական ժամանակացույցի համաձայն՝ ռեակտորը պետք է հասնի ինքնաբավ աշխատանքային վիճակի մինչև 2026 թվականի հուլիսի 4-ը։ 2027-ին նախատեսվում է սկսել էներգիայի փորձնական վաճառքը, իսկ 2028-ից՝ անցնել ամբողջական առևտրային շահագործման։

Միևնույն ժամանակ, ոլորտի մի շարք փորձագետներ շարունակում են բարձրաձայնել խնդիրների մասին։ Նրանց գնահատմամբ՝ արտադրվող էներգիայի ինքնարժեքը շարունակում է բարձր մնալ, իսկ ռադիոակտիվ թափոնների կառավարման հարցը՝ չլուծված։ Փոքր չափսերը չեն վերացնում թափոնների երկարաժամկետ պահման և վերամշակման մարտահրավերները։

Ներկայումս ԱՄՆ իշխանությունները բանակցություններ են վարում մի քանի նահանգների հետ՝ ռադիոակտիվ թափոնների վերամշակման կամ մշտական պահման վայրեր ստեղծելու ուղղությամբ։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ