USD393.42EUR429.06RUB4.5388

ԱՆԻՖ-ի ժառանգությունը. երբ հաշվետվողականությունը տապալվում է. Civilnet

Հետքի վերջերս հրապարակած հետաքննությունը բացահայտեց, որ 2023-ի մայիսի 4-ին Հայաստանի կառավարությունը 1,5 մլրդ դրամ (մոտ 3,8 միլիոն դոլար) է ներդրել նորաստեղծ CFW ՓԲԸ ընկերությունում, որը ղեկավարում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կնոջ հետ սերտ կապեր ունեցող անձը: Այս գործարքն ավելի է մթագնում այն փաստը, որ ընկերությունը գումարը ստացել է ստեղծումից ընդամենը ութ օր անց:

Ներդրումը կատարվել է «Ձեռնարկատեր + պետություն» հակաճգնաժամային ներդրումային հիմնադրամի միջոցով, որը ստեղծվել էր Հայաստանի ազգային հետաքրքրությունների հիմնադրամի (ԱՆԻՖ) կողմից 2020-ի մայիսին: 

ԱՆԻՖ-ը կառավարության աջակցությամբ ստեղծված կառույց էր, որի նպատակն էր օտարերկրյա ներդրումներ ներգրավել։ CFW ՓԲԸ-ն գրանցված է ԱՄՆ-ի Դելավեր նահանգում, որը հայտնի է որպես հարկային օֆշորային ապաստարան: ԱՆԻՖ-ը հիմնադրվել էր 2019-ին և լուծարվել 2024-ին: Ավինյանը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն էր մինչև 2022-ը՝ մինչև իր նշանակումը Երևանի փոխքաղաքապետի պաշտոնում: Չնայած նոր պաշտոնին՝ Ավինյանը շարունակել է պահպանել ԱՆԻՖ-ի նախագահի պաշտոնը ընդհուպ մինչև կազմակերպության լուծարումը 2024-ին, ինչը խնդրահարույց էր շահերի հնարավոր բախման առումով: Սակայն այս մտահոգությունները մեծապես անուշադրության էին մատնվել, և ԱՆԻՖ-ի շուրջ հետաքննությունները դադարեցվել էին Պետական գույքի կառավարման կոմիտեի հետ նրա միավորումից հետո:

2020-2023 թվականների ընթացքում «Ձեռնարկատեր + պետություն» հիմնադրամը ներդրումներ է կատարել տասը ընկերություններում և ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամում՝ ընդհանուր առմամբ 6,65 մլրդ դրամ (գրեթե 17 մլն դոլար): Փոխարենը պետությունը ձեռք է բերել մինչև 49% բաժնեմաս տարբեր ընկերություններում, այդ թվում՝ CFW ՓԲԸ-ում: Կառավարության պաշտոնական հիմնավորումը CFW ՓԲԸ-ում ներդրում կատարելու համար Հայաստանի կիբերանվտանգությունը ամրապնդելն էր և մասնագետներ պատրաստելը տեղական և միջազգային շուկաների համար: Սակայն շուտով լուրջ կասկածներ առաջացան ընկերության գործունեության և ֆինանսական թափանցիկության վերաբերյալ:

CFW ՓԲԸ-ի տնօրեն Անդրեասյանը տիրապետում է «Լավ Պրոդուկտ» ՍՊԸ-ի 33% բաժնեմասին, մինչդեռ Մարիամ Պահլավունին՝ Ավինյանի կինը, 34% բաժնեմասի սեփականատերն է: Ավինյանի ընտանիքի և ընկերության միջև կապը, ինչպես նաև արագ ներդրումը հովանավորչության վերաբերյալ կասկածներ են առաջացրել: ԱՆԻՖ-ում Ավինյանի ղեկավարության ներքո «Ձեռնարկատեր + պետություն» հիմնադրամը ավելի քան 1,5 մլրդ դրամ (3,8 մլն դոլար) է ներդրել CFW ՓԲԸ-ում՝ դրա ձևավորումից ընդամենը երկու շաբաթ անց:

Հետքի հետաքննությունը բացահայտում է, որ CFW ՓԲԸ-ի բաժնետոմսերի 48%-ը պատկանում է «Արարատ Թեքնոլոջիս» (Ararat Technologies) ՍՊԸ-ին, իսկ 3%-ը՝ «Հայկ Հոլդինգ» (Hayk Holding) ՍՊԸ-ին, որոնք երկուսն էլ Դելավերում գրանցված ընկերություններ են Ռոբերտ Լևինի ղեկավարությամբ: Օֆշորային այս կազմակերպությունները օգտվում են հարկային արտոնություններից, ինչը լրացուցիչ կասկածներ է առաջացնում գործարքի ֆինանսական թափանցիկության վերաբերյալ:

Հիմնական մտահոգությունը ֆինանսական վերահսկողության բացակայությունն է: Չնայած «Ձեռնարկատեր + պետություն» հիմնադրամը պահանջում էր, որ գումարներ ստացող ընկերությունները ներկայացնեն ֆինանսական հաշվետվություններ և անցնեն անկախ աուդիտ, Հետքը պարզել է, որ այս ընկերությունները չեն արել դա: Երբ Հետքը խնդրել է աուդիտի արդյունքները տրամադրել, Պետական գույքի կառավարման կոմիտեն մերժել է խնդրանքը՝ վկայակոչելով գաղտնիությունը:

Այս գաղտնիությունը մտահոգիչ է, հատկապես ԱՆԻՖ-ի ներգրավմամբ շարունակվող կոռուպցիոն սկանդալների լույսի ներքո: Հետքը փորձել է կապ հաստատել նաև CFW ՓԲԸ-ի տնօրենի հետ՝ այցելելով նրա նշված գրասենյակի հասցեով, սակայն այնտեղ նման ընկերություն չի եղել: Տեղեկատվություն ստանալու պաշտոնական հարցում է ուղարկվել, սակայն պատասխան չի ստացվել:

Հետագա հետաքննությունը բացահայտում է, որ 2023-ի ապրիլի դրությամբ CFW ՓԲԸ-ն ուներ 15 աշխատակից: Սակայն, 2024-ի օգոստոսի դրությամբ, մնացել էին միայն երկու աշխատակից, իսկ սեպտեմբերի դրությամբ՝ միայն տնօրենը: Չնայած ավելի քան 1 մլրդ դրամ (2,5 մլն դոլար) հանրային միջոցներ ստանալուն, ընկերությունը դեռ չի կատարել Հայաստանի կիբերանվտանգությունը բարելավելու իր խոստումը:

CFW ՓԲԸ-ն պետք է իր շահույթի 49%-ը վճարեր Հայաստանի կառավարությանը որպես շահաբաժին: Սակայն, երբ Հետքը ֆինանսների նախարարությանը հարցրել է այդ մասին, պատասխան է ստեցել, որ նախարարությունում տեղյակ չեն ընկերության գոյության մասին և որ որևէ շահաբաժին չեն ստացել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս ԱՆԻՖ-ի գործունեությունը «ձախողում և ամոթ» էր որակել: Չնայած ԱՆԻՖ-ում ֆինանսական կառավարման խնդիրների մասին տեղեկությունները շրջանառվում էին 2021-ից, միայն 2023-ի վերջին այս խնդիրները հրապարակայնորեն ի հայտ եկան: Երբ Փաշինյանին հարցրին հետաքննությունների դանդաղ ընթացքի մասին՝ նա շեշտեց իրավական ընթացակարգերին հետևելու անհրաժեշտության մասին՝ խիստ դժգոհություն հայտնելով իրավիճակի վերաբերյալ:

CFW ՓԲԸ-ի դեպքը հրատապ հարցեր է առաջացնում հանրային ներդրումների արդյունավետության և թափանցիկության վերաբերյալ: Հարկատուների 1,5 մլրդ դրամ գումարները ուղղվել են օֆշորային կապեր ունեցող ընկերության, որը քիչ բան ունի ցույց տալու: Հայ հանրությունը արժանի է լիարժեք հաշվետվողականության իրենց գումարների ծախսման վերաբերյալ, սակայն այս միջոցները վերահսկելու համար նախատեսված հաստատությունները շարունակում են հանրային վերահսկողությունից հեռու ֆինանսական կասկածելի գործելաոճը:

Սա քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ կապված առաջին սկանդալը չէ: Մենք նախկինում Democracy Watch-ի մի ամբողջ զեկույց էին նվիրել նրա հետ կապվող այլ դեպքերի մասին: Այն փաստը, որ կոռուպցիոն սկանդալներում ներգրավված պաշտոնյայի պաշտոնավարում մնում է անհետևանք, վկայում է Հայաստանում ժողովրդավարական լճացման և հաշվետվողականության բացակայության մասին:

Democracy Watch-ը ՍիվիլՆեթի և Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի համատեղ նախաձեռնությունն է։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ