ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը աշխատանքային այցով Շիրակի մարզում է եղել՝ դիտարկելու մի շարք համայնքներում իրականացվող շինարարական և ճանապարհաշինական ծրագրերը։
ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ այցին մասնակցել են նաև ՏԿԵ փոխնախարար Վարդան Կոստանյանը, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը և համայնքապետեր։
Այցի ընթացքում նախարարն այցելել է Անի համայնքի Հայկաձոր բնակավայր տանող ճանապարհի 1,5 կմ երկարությամբ հատված, Զարինջա–Շիրակի մարզի սահման 2,5 կմ և Տ-7-20, Ձիթհանքով-Արագածոտնի մարզի սահման՝ 1,8 կմ հատվածների հիմնանորոգման վայրեր։ Նա նաև տեղում է դիտարկել Մարալիկ քաղաքի Հր. Շահինյան փողոցի 1 կմ երկարությամբ ճանապարհահատվածի և Արթիկի մի շարք փողոցների ասֆալտապատման ընթացքը։
Խուդաթյանի խոսքով՝ շինարարական աշխատանքներում թույլ տրված թերությունները պետք է վերացվեն մինչև ցուրտ եղանակի սկիզբը։ Նա ընդգծել է, որ անորակ աշխատանքը չի ընդունվելու և չի վճարվելու, իսկ բոլոր ճանապարհների բաղադրիչները ստուգվելու են պետական լաբորատորիայում։
Թերություններ արձանագրվել են նաև Աշոցք–Բավրա ավտոճանապարհի հիմնանորոգված հատվածում, որտեղ շինարարին պարտադրվել է ամբողջովին վերացնել անորակ հատվածները և տեղադրել նոր ասֆալտաշերտ, հակառակ դեպքում պետական ֆինանսավորում չի տրամադրվի։