Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ պահպանվող տարածքում հայտնաբերել են ապօրինի ջրօգտագործման դեպք։
Մարմնից հայտնում են, որ վարձակալ Ա.Մ.-ն իր կողմից շահագործվող ավտոլվացման կետում, առանց համապատասխան թույլտվության, խորքային հորից կատարել է ապօրինի ջրառ՝ խախտելով բնապահպանական օրենսդրության պահանջները։
Տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի հորի շահագործումը կասեցվել է։ Իրավախախտի նկատմամբ կիրառվել է վարչական պատասխանատվություն․ նրան նշանակվել է 1 մլն դրամ տուգանք։