USD376.88EUR442.38RUB4.8762

Apple-ը մշակում է խելացի ակնոց, AI կախազարդ և նոր AirPods

Bloomberg-ի փոխանցմամբ՝ Apple-ը պատրաստվում է թողարկել երեք նոր սարք՝ խելացի ակնոց, տեսախցիկով AirPods և արհեստական բանականությամբ աշխատող կախազարդ։ Նոր սարքերը կառուցվում են Siri թվային օգնականի շուրջ և կօգտագործեն տեսողական տվյալներ՝ օգտատիրոջը իրական ժամանակում աջակցելու համար։

Բոլոր սարքերը կկապվեն iPhone-ին և կունենան տեսախցիկներ։ Սակայն AirPods-ներն ու կախազարդը նախատեսված չեն լուսանկարելու համար․ դրանց տեսախցիկները կօգնեն AI-ին ավելի լավ հասկանալ շրջակա միջավայրը։

Խելացի ակնոց՝ որպես AI ամենօրյա օգնական

Apple-ի խելացի ակնոցը նախատեսվում է որպես առավել առաջադեմ սարք։ Այն կունենա որակյալ տեսախցիկ, բարձրախոս և միկրոֆոն, սակայն էկրան չի ունենա։

Ակնոցը կունենա երկու տեսախցիկ՝

• մեկը՝ բարձրորակ պատկերների ֆիքսման համար,

• մյուսը՝ շրջակա միջավայրի վերլուծության համար։

Սա թույլ կտա, օրինակ՝

• նայել առարկային և անմիջապես տեղեկանալ՝ ինչ է դա,

• պարզապես պաստառին նայելով՝ միջոցառումը ավելացնել օրացույցում,

• խանութում կոնկրետ դարակին նայելիս ստանալ հիշեցումներ,

• ստանալ ուղղություններ՝ իրական շենքերի ու մեքենաների նկարագրությամբ։

Ընկերության նպատակն է ակնոցը դարձնել AI մշտական ուղեկից, որը «տեսնում է» օգտատիրոջ շրջապատը և օգնում առօրյայում։

AI կախազարդ՝ iPhone-ի «աչքերն ու ականջները»

Apple-ը մշակում է նաև փոքր կախազարդ, որը հնարավոր կլինի կրել պարանոցին կամ ամրացնել հագուստին։ Այն կունենա տեսախցիկ և միկրոֆոն և կծառայի որպես iPhone-ի լրացուցիչ «աչքերն ու ականջները»։ Սակայն այն չի լինի ինքնուրույն սարք և կունենա համեմատաբար սահմանափակ հզորություն՝ նույնիսկ պակաս, քան Apple Watch-ը։

Տեսախցիկով AirPods

Նոր AirPods-ները նույնպես կստանան տեսախցիկներ, որոնք կօգնեն Siri-ին ավելի ճշգրիտ հասկանալ օգտատիրոջ շրջապատը և համապատասխանաբար արձագանքել հարցերին։

«Հաջորդ մեծ հեղափոխության» որոնում

Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուք-ը հայտարարել է, որ ընկերությունը ակտիվորեն ներդրում է կատարում AI տեխնոլոգիաների զարգացման մեջ։ Սպասվում է, որ խելացի ակնոցն ու AI կախազարդը կարող են ներկայացվել արդեն հաջորդ տարի, եթե նախագծերը չդադարեցվեն։

Նոր սարքերը վկայում են, որ Apple-ը ձգտում է ստեղծել տեխնոլոգիաների նոր սերունդ, որտեղ արհեստական բանականությունը մշտապես ուղեկցում է մարդուն և աջակցում իրական ժամանակում։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ