Արփինե Սարգսյան-ը ընդունել է «ՀայՓաս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, IN Groupe-ի գործադիր կոմիտեի անդամ Դունիա Էլ Հասնաուի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը քննարկվել է Հայաստանում կենսաչափական փաստաթղթերի արտադրության և տրամադրման համակարգի ներդրումը։
ՆԳ նախարարությունից հայտնում են, որ ներկայացվել է կենսաչափական համակարգի ներդրման համապարփակ ճանապարհային քարտեզը, որը նախատեսում է փուլային ինստիտուցիոնալ բարեփոխումներ։
Ծրագրի մեկնարկային փուլում նախատեսվում է՝
- գործարկել միջազգային eIDAS ստանդարտին համապատասխան տվյալների կենտրոն,
- ներդնել անձը հաստատող փաստաթղթերի դիմումների կառավարման ծրագրային ապահովում,
- ստեղծել քաղաքացիների համար նախագրանցման առցանց հարթակ։
Ծրագիրը կմեկնարկի նորարար լուծումներով կահավորված գրասենյակների բացմամբ ամբողջ երկրում։ Սկզբնական շրջանում կգործի մի քանի կենտրոն, որոնցից երկուսը կլինեն Երևանի խոշոր առևտրի կենտրոններում, իսկ առաջիկա ամիսներին դրանց թիվը կհասնի 23-ի։
Գրասենյակներում նախատեսվում են նաև՝
- հարմարավետ սպասասրահներ,
- մանկական խաղասրահներ խոշոր կենտրոններում,
- «բոլորը մեկում» ինքնասպասարկման սարքեր,
- սահմանված առավելագույն սպասելաժամանակ։
Նախարար Սարգսյանի խոսքով՝ նույնականացման քարտերի տպագրությունն արդեն սկսվել է, իսկ անձնագրերի մասսայական տպագրությունը կսկսվի մոտ ապագայում, քանի որ տեխնիկական աշխատանքները ավարտական փուլում են։
Ծրագիրն իրականացվում է «ՀայՓաս» ընկերության միջոցով, որը հիմնադրվել է IN Groupe-ի և Corporación América Group-ի կազմում գործող A.C.I Technology-ի կողմից։
Կառավարության գնահատմամբ՝ եվրոպական չափանիշներին համապատասխան կենսաչափական համակարգի ներդրումը կարևոր քայլ կլինի նաև ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացում։