USD382.77EUR442.18RUB4.7703

Առաջին փուլի համար առողջապահական ապահովագրության վճարը սահմանվել է 129,6 հազար դրամ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ առողջապահական ապահովագրության փաթեթի առաջին փուլի համար սահմանվել է 129․600 դրամ տարեկան վճար։ Ապահովագրական փաթեթը ներառելու է նաև կանխարգելիչ և վաղ հայտնաբերմանն ուղղված կլինիկական ծրագրեր։

Նախարարը նշել է, որ օրինագիծը ներկայացվել է հանրային քննարկման և ապահովագրության ներդրումը նախատեսվում է իրականացնել եռամյա փուլերով՝ սկսած 2026 թվականից։

Առաջին փուլում ապահովագրության շրջանակներում կներառվեն՝

  • մինչև 18 տարեկան երեխաները,
  • 65 տարին լրացած քաղաքացիները,
  • 18-65 տարեկան հաշմանդամություն ունեցողները,
  • անապահովության գնահատման բալ ունեցողները։

Բացի այդ, 2026-ից կներառվեն նաև ամսական 200 հազար դրամ և ավելի եկամուտ ունեցող քաղաքացիները։ Նախնական տարբերակով շեմը նախատեսվում էր 300-500 հազար դրամ, սակայն նախարարի խոսքով՝ այն իջեցվել է՝ ավելի մեծ թվով քաղաքացիների ընդգրկելու նպատակով։ Այդ խմբում ընդգրկվածների թիվը մոտ 190 հազար է։

Ավանեսյանը ընդգծել է, որ այս խմբում գտնվող քաղաքացիները, որոնք նաև սոցփաթեթի շահառու են, պարտադիր կներառվեն ապահովագրության մեջ։ Իսկ մյուսները, որոնք դեռ չեն ընդգրկվում այս փուլում, շարունակելու են օգտվել վճարովի ծառայություններից։

Ապահովագրության համակարգում ներառվելու են նաև պետության կողմից ամբողջությամբ (100%) սուբսիդավորվող այն քաղաքացիները, որոնք հանդիսանում են ՀՀ ռեզիդենտ։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ