USD376.06EUR438.86RUB4.8219

Արարատում նոր մանկապարտեզ, Մարտունիում՝ սպորտային համալիր․ կառավարության որոշումներ

Կառավարությունը որոշում է ընդունել Արարատ և Գեղարքունիքի մարզերում նոր սոցիալական ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ։

Արարատ քաղաքում նախատեսվում է նոր մանկապարտեզի կառուցում։ Պետությանը պատկանող Ս. Շահումյան փողոցի 15 հասցեում գտնվող հողամասը կփոխանցվի համայնքին՝ մանկապարտեզի կառուցման և շահագործման նպատակով։ Ծրագիրը կիրականացվի 2026–2027 թվականների սուբվենցիոն ծրագրերի շրջանակում։ Նոր մանկապարտեզը կունենա 8 խումբ և կսպասարկի շուրջ 190 երեխայի։

Միաժամանակ Մարտունիում նախատեսվում է ժամանակակից սպորտային համալիրի կառուցում։ Գետափնյա 2-րդ փողոցում գտնվող 1.52 հա հողամասը կհանձնվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն-ին՝ նախագծի իրականացման համար։ Համալիրը նախատեսվում է համալրել լողավազանով և ֆիթնես սրահով՝ նպատակ ունենալով զարգացնել զանգվածային սպորտը և առողջ ապրելակերպը։

Բացի այդ, կառավարությունը որոշել է ճշգրտել մի շարք կրթական ենթակառուցվածքային ծրագրերի ավարտական աշխատանքների ծավալները, այդ թվում՝ Լուսակնի միջնակարգ դպրոցի մոդուլային շենքի և Այրում համայնքի Բագրատաշեն բնակավայրի մսուր-մանկապարտեզի կառուցման նախագծերում։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ