Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Արագածոտնի մարզի ազգային փոքրամասնությունների բնակավայրեր, հանդիպել բնակիչների հետ, ծանոթացել իրականացված և ընթացիկ ծրագրերին: Իրականացվել են սուբվենցիոն ծրագրեր, որոնց շրջանակում ներդրվել է 1 մլրդ 330 մլն դրամ, պետական ծրագրեր՝ ներդրվել է 8 մլրդ 600 մլն դրամ: Իրականացված ծրագրերի շրջանակում կատարվել են ասֆալտապատման, գազիֆիկացման, ջրապահովման, ինչպես նաև մշակութային և կրթական հաստատությունների կառուցման աշխատանքներ: Վարչապետի աշխատակազմի ղեկավարին ներկայացվել են Ճարճակիս գյուղում 144 տեղ հզորությամբ կրթահամալիրի կառուցման աշխատանքները ևս: Այցի շրջանակում Արայիկ Հարությունյանը նաև հանդիպումներ է ունեցել Ալագյազ, Ճարճակիս, Շամիրամ բնակավայրերի բնակիչների հետ: Ըստ Արայիկ Հարությունյանի՝ բավականին լուրջ աշխատանքներ են տարվում ազգային փոքրամասնությունների հարցերի հասցեագրման ուղղությամբ, ընդգծել, որ Կառավարությունը համայնքների հավասար զարգացմանը մեծ կարևորություն է տալիս:
«Ներդրումները, որոնք իրականացվում են պետական բյուջեից, նաև այդ նպատակով են, միայն մայրաքաղաքի կամ մի քանի քաղաքների զարգացմամբ մենք չենք կարող ուժեղ պետություն ունենալ: Իսկ ազգային փոքրամասնություններով համայնքները լրացուցիչ ուժ են տալիս մեր պետությանը: Մենք դրանով հպարտանում ենք, ցույց ենք տալիս բազմամշակութային հանրությունը, որ ունենք հանրապետությունում, և այդ ուղղությամբ աշխատանքներ անելու համար նաև փորձելու ենք նոր գործիքներ գտնել, որպեսզի ազգային փոքրամասնություններն իրենց կրոնական, մշակութային, կրթական իրավունքներն ու պահանջմունքները կարողանան իրացնել»,- ասել է Վարչապետի աշխատակազմի ղեկավարը: