Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի (IKI) Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի տվյալներով՝ Արեգակի վրա տեղի է ունեցել Երկրին ուղղված հզոր բռնկում։
«Արեգակ–Երկիր գծի երկայնքով արձանագրվել է ուժեղ բռնկում։ Աստղադիտակները դիտարկում են պլազմայի արտանետում, որը մասամբ տեղափոխվել է դեպի հյուսիս», — նշել են լաբորատորիայում։
Մասնագետների գնահատմամբ՝ բռնկման հզորությունը հասել է X1.79 դասի, ինչը համարվում է բարձր ցուցանիշ և դասվում է ամենաուժեղ արեգակնային բռնկումների շարքին։
Ինստիտուտը նաև հիշեցրել է, որ նման երևույթները հաճախ ուղեկցվում են պլազմայի արտանետումներով, որոնք կարող են առաջացնել գեոմագնիսական խանգարումներ Երկրի վրա՝ ազդելով արբանյակային կապի, նավիգացիոն համակարգերի և էլեկտրական ցանցերի վրա։