Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) Երևանի կենտրոնի տեսուչները ստուգումներ են իրականացրել «Արզնի կաթնամթերք» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Երևան, Մոլդովական փողոց)։ Ստուգման ընթացքում վերցված նմուշները լաբորատոր փորձաքննությամբ չեն համապատասխանել սահմանված չափանիշներին։
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ երեք արտադրատեսակներ ներկայացնում են սննդային վտանգ․
- «Կաթի սեր ռեժան 60%» — հայտնաբերվել են մեզոֆիլ աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէներ (արտադրված՝ 06․11․2025),
- «Կաթ պարունակող մթերք՝ պատրաստված մածունի տեխնոլոգիայով» — հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ կոլիձևեր (արտադրված՝ 06․11․2025),
- «Կաթնաշոռային պանրիկ չամիչով 9%» — հայտնաբերվել են խմորասնկեր (արտադրված՝ 06․11․2025)։
Այս ցուցանիշները չեն համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, ինչի պատճառով տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ նշված երեք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է։
Տնտեսվարողին պարտադրել են միջոցներ ձեռնարկել արտադրանքը պահանջներին համապատասխանեցնելու համար, իսկ խախտումների վերացման համար սահմանվել է վերջնաժամկետ։