Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին «Դիվանագիտության սեղան» ծրագրում անդրադարձել է տարածաշրջանային վերջին զարգացումներին՝ նշելով, որ Նախիջևանի և Ադրբեջանի մայրցամաքային մասի միջև կապի հարցը վերջին տարիներին դարձել է ռազմավարական և զգայուն խնդիր։
«Սա մեծ մտահոգություններ է առաջացրել ինչպես մեր, այնպես էլ տարածաշրջանի մյուս երկրների համար՝ աշխարհաքաղաքական փոփոխությունների հավանականության պատճառով»,– ասել է Արաղչին։
Նրա խոսքով՝ հիմնական վտանգը միջազգային ճանաչված սահմանների փոփոխությունն է, ինչը կարող է խախտել տարածաշրջանի երկրների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։ «Օրինակ՝ Հայաստանի տարածքի որևէ մասի օգտագործումը կարող է հանգեցնել օկուպացիայի կամ ինքնիշխանության թուլացման։ Մենք նախօրոք հայտարարել ենք, որ նման բան չենք հանդուրժի, և մեր քաղաքականությունը միշտ եղել է հստակ»,– նշել է Իրանի ԱԳ նախարարը։
Արաղչին ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված հայտարարությունում հստակ ամրագրված է տարածաշրջանի սահմանների անփոփոխելիությունը։ «Այս առումով ներկայումս մեր աշխարհաքաղաքական մտահոգությունները ժամանակավորապես լուծված են։ Սակայն թե որքանով կպահպանվեն այդ պարտավորությունները, մենք անշուշտ կհետևենք»,– հավելել է նա։
Բացի այդ, Արաղչին նշել է, որ ճանապարհի հնարավոր կառուցումը կարող է տնտեսական վնաս պատճառել Իրանին՝ նվազեցնելով այդ երկրի տարածքով անցնող տրանզիտային ճանապարհի նշանակությունը։ «Սակայն դա կախված է մեզանից՝ ինչպես բարձրացնենք մեր ճանապարհի գրավչությունը, որպեսզի ավելի մեծ հոսքեր անցնեն դրա միջով։ Բայց մենք չենք կարող արգելել որևէ երկրի՝ իր տարածքում ճանապարհ կառուցել, քանի դեռ այն գտնվում է Հայաստանի լիակատար ինքնիշխանության ներքո»,– ասել է նա։