Հարցերի անանուն Ask.fm ծառայությունը կդադարի գործել 2024 թվականի դեկտեմբերի 1-ից: Մշակողները հայտնել են, որ նոր աքաունթների գրանցումը դադարեցվել է հոկտեմբերի 24-ին։ Ընկերության տվյալներով՝ ծառայության փակումը պայմանավորված է օգտատերերի թվի զգալի կրճատմամբ։
«Ցավոք, մեր Q&A հարթակը այլևս չի բավարարում սոցիալական մեդիայի այսօրվա օգտատերերի կարիքներին», – ասվում է գրառման մեջ:
Ըստ մշակողների՝ օգտատերերի բոլոր անձնական տվյալները կջնջվեն փակվելուց անմիջապես հետո։ Հաշվի գրանցումը հասանելի չէ հոկտեմբերի 24-ից, ծրագրավորողները աստիճանաբար կդադարեցնեն այլ գործառույթների աջակցությունը։ Հարթակի ստեղծողները հավելել են, որ ցանկացած տվյալ կամ բովանդակություն կարող եք պահպանել մինչև դեկտեմբերի 1-ը։
Լատվիայից եղբայրներ Իլյա և Մարկ Տերեբինները հիմնել են Ask.fm ծառայությունը (2016թ. վերանվանվել է ASKfm) 2010 թվականին։ Time-ին տված հարցազրույցում ձեռնարկատերերը խոստովանել են, որ նախագծում ներդրել են մոտ 500 հազար դոլար և ոգեշնչվել են Formspring-ի գաղափարից (փակվել է 2013 թվականից):
2014 թվականին ծառայությունն ուներ 180 միլիոն գրանցված օգտատեր։ Այնուհետև այն վաճառվել է InterActiveCorp-ին: Ընկերության գլխամասային գրասենյակը տեղափոխվել է Իռլանդիա, իսկ հարթակը վերափոխվել է: Այդ ժամանակից ի վեր չգրանցված օգտատերերը կորցրել են հարցեր տալու հնարավորությունը: