USD382.25EUR442.61RUB4.7549

Ավարտին է մոտենում Երևանի հ.105 մանկապարտեզի հիմնանորոգումը

Երևանի հ.105 մանկապարտեզում շարունակվում են հիմնանորոգման աշխատանքները, որոնք ավարտվելուց հետո կրթօջախը հնարավորություն կունենա ընդունելու շուրջ 220 երեխայի՝ նախկինում գործող 110-ի փոխարեն։ Նախագծի շրջանակում ավելացվել են խմբասենյակները, և 4 խմբի փոխարեն մանկապարտեզում կգործի 8 խումբ։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Հիմնանորոգման գործընթացը մեկնարկել է 2023 թվականին։ Աշխատանքների ընթացքում հայտնաբերված թերությունների պատճառով քաղաքապետարանը դրանք չի ընդունել, իսկ շինարար կազմակերպությունը պարտավորվել է ամբողջությամբ վերացնել թերությունները։

Նախագծով նախատեսված է նաև բակի բարեկարգում, որը կիրականացվի տարածքով անցնող կոյուղատար համակարգի խնդիրը լուծելուց հետո։ Նշվում է, որ հարակից շենքերի կոյուղատար ցանցը ժամանակին անցկացվել է մանկապարտեզի տարածքով, որն այսօր քայքայված լինելու պատճառով խնդիրներ է առաջացրել։

Հաշվի առնելով խնդրի հրատապությունը՝ քաղաքապետարանը նախաձեռնել է ոչ միայն մանկապարտեզի կոյուղատարի տեղափոխում, այլև հարակից 15 բազմաբնակարան շենքերի սպասարկող կոյուղատար համակարգի ամբողջական փոխարինում։

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մանկապարտեզի հիմնանորոգման ծրագրի իրականացման համար շինարար կազմակերպությանը ամբողջական վճարումը կիրականացվի միայն աշխատանքների վերջնական ընդունումից հետո։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ