Իլոն Մասկը հաստատել է, որ այս տարի նախատեսվում է առաջին անգամ մարդուն տեղադրել BlindSight տեսողական իմպլանտ: Մասկը X սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է լրագրող Սոեր Մերիթի հաղորդագրությունը, որում նշվում է, որ 2025 թվականի վերջին կիրականացվի իմպլանտի տեղադրման վիրահատություն:
«Իլոն Մասկի Neuralink ընկերությունը նախատեսում է 2025 թվականի վերջին առաջին անգամ հիվանդին տեղադրել իր նոր BlindSight ուղեղի չիպը: Այս սարքը նախագծված է ամբողջովին կույր մարդկանց տեսողությունը վերականգնելու համար», – նշված է հրապարակման մեջ:
Մասկը հայտարարել է, որ սկզբում տեսողության որակը ցածր կլինի, սակայն ժամանակի ընթացքում «կստեղծվի տարբերակ, որը կգերազանցի մարդու բնական տեսողական հնարավորությունները»:
BlindSight սարքը հնարավորություն կտա տեսողություն ապահովել ի ծնե կույր մարդկանց, ինչպես նաև նրանց, ովքեր կորցրել են երկու աչքերն ու օպտիկական նյարդը, պայմանով, որ տեսողական կեղևը վնասված չլինի։