USD382.77EUR442.18RUB4.7703

ԲԸՏՄ-ն հայտնաբերել է ապօրինի փայտանյութի և օդի աղտոտման մի շարք դեպքեր

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (ԲԸՏՄ) աշխատակիցները սեպտեմբեր ամսին իրականացրած խստացված ստուգայցերի արդյունքում արձանագրել են մի շարք բնապահպանական խախտումներ՝ ապօրինի փայտանյութի տեղափոխման և մթնոլորտային օդի աղտոտման դեպքեր։

ԲԸՏՄ հաղորդմամբ՝ Կոտայքի մարզում, Երևան–Սևան մայրուղու տարբեր հատվածներում, քաղաքացիներ Ա.Ա. և Դ.Օ. «Զիլ» մակնիշի բեռնատարներով փորձել են առանց անհրաժեշտ փաստաթղթերի ապօրինի տեղափոխել ընդհանուր 15 խմ կողահատ տախտակ։

Բացի այդ, Չարենցավանի, Հրազդանի և Սոլակի հատվածներում քաղաքացիներ Ս.Մ., Ն.Օ. և Կ.Ա. «Գազել» և «Զիլ» ավտոմեքենաներով տեղափոխել են ընդհանուր 18.6 խմ վառելափայտ, որոնց օրինականությունը փաստող որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել։

Ապօրինի փայտանյութ տեղափոխող բեռնատարները տեղափոխվել են ՆԳՆ ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ, իսկ բոլոր դեպքերով հաղորդումներ են ներկայացվել իրավապահ մարմիններին։

Բացի այդ, Արմավիրի, Լոռու, Շիրակի և Կոտայքի մարզերում հայտնաբերվել է օդի աղտոտման 9 դեպք․ բեռնատարների վարորդները տեղափոխել են սորուն նյութեր առանց անթափանց ծածկոցի՝ խախտելով մթնոլորտային օդի պահպանության կանոնները։

Խախտման համար վարորդները տուգանվել են յուրաքանչյուրը 50.000 դրամով։

ԲԸՏՄ-ն ընդգծում է, որ բնապահպանական իրավախախտումների նկատմամբ վերահսկողությունը շարունակվելու է՝ նպատակ ունենալով կանխել անօրինական ծառահատումները և նվազեցնել շրջակա միջավայրի աղտոտումը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ