Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան ժողովից առաջ կազմակերպությունը կոչ է արել երկրներին կարգի բերել իրենց ֆինանսական գործերը և մասնավորապես վերլուծել իրենց պարտքերը։ Դրան է նվիրված ԱՄՀ զեկույցի ողջ առաջին գլուխը, որն ամբողջությամբ կհրապարակվի հոկտեմբերի 23-ին։ Նախադիտման համաձայն, ինչպես գրում է Bloomberg-ը, կարելի է դատել, որ համաշխարհային պարտքի բեռը հասնում է կրիտիկական մակարդակների։ Այս տարի ընդհանուր պարտքը կկազմի 100 տրիլիոն դոլար, ինչը մեծապես պայմանավորված է այն բանով, ինչ հիմնադրամի տնօրեն Քրիստալինա Գեորգիևան անվանել է Չինաստանից և ԱՄՆ-ից «փոխառությունների սար»:
«Մեր կանխատեսումները վկայում են ցածր աճի և պարտքի բարձր մակարդակի հիասթափեցնող համակցության մասին, որը դժվար ապագա է խոստանում», – զգուշացրեց նա: «Կառավարությունները պետք է աշխատեն նվազեցնել պարտքը և ստեղծեն պահուստներ հաջորդ ցնցման համար, որը անպայման կգա և գուցե ավելի շուտ, քան մենք ակնկալում ենք»:
Գործակալության տվյալներով՝ 2024 թվականի վերջին համաշխարհային պարտքի բեռի մակարդակը կարող է հասնել 94,8 տոկոսի։ Իսկ եթե խոսենք բաշխվածության մասին՝ ըստ երկրների, ապա եվրոպական որոշ երկրներում իրավիճակը զգալիորեն ավելի վատ է, քան նշված ԱՄՆ-ում (97,4%) և Չինաստանում (62,1%)։ Ճապոնիայում՝ 254%, Ֆրանսիայում՝ 111,3%, Մեծ Բրիտանիայում՝ 103,2%։ Ըստ հիմնադրամի՝ միջնաժամկետ հեռանկարում պարտքերը կաճի։ Վերլուծաբանները գնահատում են, որ վատագույն սցենարի դեպքում համաշխարհային պարտքը երեք տարի հետո ՀՆԱ-ի գրեթե 20 տոկոսային կետով կգերազանցի բազային կանխատեսումը` հասնելով 115%-ի: Իսկ ուղղակիորեն G7 երկրներում մինչև 2050 թվականը այն կարող է աճել մինչև 188%՝ ներկայիս 125,9%-ի համեմատ։