Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի կանխարգելմանը վերաբերվող օրենսդրական փաթեթը, որով փոփոխություններ և լրացումներ են կատարվում «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման մասին» օրենքում, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքում։
Նախագիծը խորհրդարանին ներկայացրել է ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը՝ ընդգծելով, որ նոր մեխանիզմների նպատակն է բարձրացնել պաշտպանական և անհետաձգելի միջամտության որոշումների կատարողականությունը։ Նրա խոսքով՝ բռնություն գործադրած անձը պարտավոր կլինի կրել էլեկտրոնային հսկողության միջոց՝ երկու դեպքում․
• երբ գործում է անհետաձգելի միջամտության որոշում,
• և երբ կիրառվում է պաշտպանական որոշում։
Էլեկտրոնային հսկողության միջոց կրելը պարտադիր է, իսկ դրանից խուսափելը կամ հրաժարվելը առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն, որի ձևերը ներկայացվել են նախագծի քննարկման ընթացքում։
Օրենսդրական փոփոխությունները ուժի մեջ կմտնեն 2026 թվականի մարտի 1-ից։