«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը հայտնել է, որ այժմ ստեղծվել է հնարավորություն Չինաստանից Հայաստան կոնտեյներային բեռնափոխադրումներ կազմակերպելու համար։
Նրա խոսքով՝ Ռուսաստանից հացահատիկ տեղափոխող 15 վագոններ առաջիկա ժամերին կանցնեն Ադրբեջանից Վրաստան, ապա կժամանեն Հայաստան։ Մոտ օրերս երկիր կմտնի նաև ղազախական հացահատիկի առաջին խմբաքանակը։
Մելնիկովը նշել է, որ նոր երկաթուղային երթուղու գործարկումը կնպաստի Վերին Լարսի անցակետի գերբեռնվածության նվազեցմանը, ինչպես նաև կնվազեցնի բեռների առաքման արժեքը, հատկապես Սև ծովի ծովային ճանապարհով իրականացվող փոխադրումների դեպքում, որոնք համարվում են ամենաթանկը։
Ըստ ընկերության ներկայացուցչի՝ երթուղին մեծ նշանակություն կունենա ոչ միայն հացահատիկ ներմուծող ընկերությունների, այլև նավթամթերք և այլ ապրանքներ տեղափոխող բիզնեսների համար։