«Մայր-Աստվածություն. Անահիտից մինչև Մարիամ» միջազգային ցուցահանդեսը, որի շրջանակներում Բրիտանական թանգարանից բերված Անահիտ աստվածուհու բրոնզե գլուխն ու ձեռքը ավելի քան վեց ամիս ցուցադրվում էին Հայաստանի պատմության թանգարանում, այցելել է 55837 մարդ։ Այն դարձավ անկախ Հայաստանի պատմության ամենանշանակալի մշակութային իրադարձություններից մեկը։ Ցուցահանդեսն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Keron Development հիմնադրամի, ինչպես նաև Մշակույթի զարգացման հիմնադրամի, Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի աջակցությամբ։ Ցուցահանդեսի կազմակերպիչները վստահ են, որ բացառիկ ցուցահանդեսը մեծացրել է հետաքրքրությունը Հայաստանի թանգարանների և մշակութային միջավայրի նկատմամբ, ինչպես նաև նոր հեռանկարներ է բացել ապագա միջազգային համագործակցության համար։