«Տելեգրամ»-ով թմրամիջոցների իրացումից ստացել են շուրջ 2 մլրդ դրամ: Հանցավոր կազմակերպության ղեկավարը «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում ստեղծել և կառավարել է առցանց խանութ-հարթակներ, սահմանել թմրամիջոցների վաճառքի ընթացքում գործունեության կանոններ, թմրամիջոցների վաճառքի կարգը և գները։
Քննչական կոմիտեում պարզվել է, որ Ա.Մ.-ն ստեղծել և ղեկավարել է խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ և խոշոր չափերով փողերի լվացմամբ զբաղվող հանցավոր կազմակերպություն՝ անդամագրելով Պ.Հ.-ին, Վ.Գ.-ին և Հ.Գ.-ին: Պարզվել է նաև, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը և փողերի լվացմանն օժանդակել են Կ.Մ.-ն, Վ.Գ.-ն Բ.Ս.-ն, Ա.Մ.-ն և Վ.Գ.-ն: Թմրամիջոցների իրացումից ստացվել են խոշոր չափերով ֆինանսական միջոցներ՝ 1 մլրդ 936 մլն 464 հազար դրամ, որի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով գումարները ստացվել են տարատեսակ կրիպտոարժույթային հաշիվներին, ապա փոխանցումների և փոխարկումների միջոցով փոխանցվել են տարբեր անձանց անուններով գրանցված, սակայն հանցավոր կազմակերպության ղեկավարի և անդամների կողմից կառավարվող՝ ՀՀ-ում գրանցված էլեկտրոնային դրամապանակներին: Դատախազը հանցավոր կազմակերպության ղեկավար Ա.Մ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը), 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (փողերի լվացում), Պ.Հ.-ի նկատմամբ՝ 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն), 319-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպությանը մասնակցելը), 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, Հ.Գ.-ի նկատմամբ՝ 319-րդ հոդվածի 1-ին մասով, 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, Բ.Ս.-ի նկատմամբ՝ 46-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելուն օժանդակելը) և 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (փողերի լվացմանն օժանդակելը, Վիգեն Գ.-ի նկատմամբ՝ 46-296-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 46-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, Կ.Մ.-ի նկատմամբ՝ 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, Վեներա Գ.-ի նկատմամբ՝ 46-296-րդ հոդվածի 1-ին մասով (Վարազդատ Գ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի հարուցվել ոչ ռեաբիլիտացիոն՝ անձի մահվան հիմքով):
Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: