Դիլիջանում պաշտոնապես բացվել է Հայաստանում առաջին հայկական տեքստիլի թանգարանը։ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանի Դիլիջանի մասնաճյուղը վերափոխվել է Հայկական տեքստիլի թանգարանի, որը ներկայացնում է հայկական գեղարվեստական հյուսվածքի դարավոր ավանդույթներն ու դրանց ժամանակակից զարգացումը։
Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո թանգարանը բացել է իր դռները այցելուների համար։ Բացման արարողությունը նշանակալի իրադարձություն է երկրի մշակութային կյանքի համար, քանի որ սա Հայաստանում առաջին մասնագիտացված տեքստիլի թանգարանն է։
Պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ ունեցող շենքը լիովին վերականգնվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Թանգարանի հավաքածուում ներկայացված են տարբեր դպրոցների և տեխնիկայի գորգեր, գոբելեններ, ասեղնագործություններ ու գործվածքներ, ինչպես նաև Շարամբեյանի թեմատիկ աշխատանքներ՝ պահպանելով Դիլիջանի պատմական միջավայրի ոճը։ Նախատեսվում է, որ թանգարանը կդառնա ոչ միայն ցուցասրահ, այլև ակտիվ մշակութային կենտրոն՝ վարպետության դասերով, բաց միջոցառումներով, ավանդական փառատոներով և կրթական ծրագրերով դպրոցականների, ուսանողների և լայն հանրության համար։