Էկոնոմիկայի նախարարությունն աստղաբաշխական՝ 288 միլիոն դրամ արժողությամբ դրամաշնորհ է հատկացրել արտգործնախարար Արարատ Միրզոյանի տիկնոջ՝ Գոհար Աբաջյանի ղեկավարած «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամին։
Համապատասխան պայմանագիրը կողմերի միջև կնքվել է օգոստոսի 11-ին․ ըստ պայմանագրի՝ այս դրամաշնորհով հիմնադրամը կիրականացնի պետական աջակցություն՝ ուղղված ՀՀ-ում ներդրումային ծրագրերի խթանմանը, հետներդրումային ծրագրերի իրականացմանը և սպասարկմանը։
Ներդրումային ծրագրերի և նախաձեռնությունների ուղեկցում, ՀՀ-ում գործող օտարերկրյա ներդրողների հետներդրումային շարունակական սպասարկում, գործարար և ներդրումային դաշտը ներկայացնող ուղեցույցների պատրաստում․ սրանք դրամաշնորհի միջոցների հաշվին իրականացվող միջոցառումներն են։
168․am-ը հունիսի 5-ին տեղեկացրել էր, որ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի («Էնթերփրայզ Արմենիա»-ի անձնակազմին է ներկայացրել հիմնադրամի նորանշանակ տնօրեն Գոհար Աբաջյանին։
Ի դեպ, այս հիմնադրամի՝ բացառապես իշխանականներով հագեցած հոգաբարձուների խորհրդի կազմում մինչև վերջերս կար նաև Գոհար Աբաջյանի ամուսինը՝ նախարար Արարատ Միրզոյանը։
Իսկ այս պահին խորհուրդն ունի հետևյալ կազմը՝Խորհրդի նախագահ՝ Նիկոլ Փաշինյան, փոխնախագահներ՝ Տիգրան Խաչատրյան և Մհեր Գրիգորյան, անդամներ՝ Բաբկեն Թունյան, Գևորգ Պապոյան Դավիթ Խուդաթյան, Վահե Հովհաննիսյան Մխիթար Հայրապետյան և ԱԳ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյան։