Հայաստանում շուտով կբացվեն Էմիրաթ ապրանքանիշի առաջին լիցքավորման կայանները։ Սա հնարավոր է դարձել հայկական «ՄեգաԹրեյդ» ընկերության և ԱՄԷ-ի առաջատար էներգետիկ ընկերություններից մեկի՝ «Emirates Petroleum»-ի (Էմիրաթ) նոր համագործակցության արդյունքում։
Նախագիծը կիրականացվի ֆրանշիզային մոդելով, և առաջին փուլում նախատեսվում է Հայաստանի տարբեր շրջաններում հիմնել շուրջ 35 լիցքավորման կայան։ Դրանք կապահովեն միջազգային չափանիշներին համապատասխանող բարձրորակ վառելիք, ինչպես նաև կնպաստեն տեղական զբաղվածության աճին․ յուրաքանչյուր կայան կստեղծի 20-22 նոր աշխատատեղ։
Ընդհանուր ներդրումների ծավալը գնահատվում է 35-40 միլիոն ԱՄՆ դոլար։
Համագործակցության ռազմավարական հուշագիրը ստորագրվել է Երևանում՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանի, Հայաստանում ԱՄԷ դեսպանի, ինչպես նաև երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների և գործարարների մասնակցությամբ։
Նշենք, որ համաշխարհային ճանաչում ունեցող «Shell» և «Gulf» ընկերությունների լիցքավորման կայանները նույնպես արդեն ներկայացված են հայկական շուկայում։