2024 թվականի հունվարի 23-ին որոշ լրատվամիջոցներ տեղեկատվություն հրապարակեցին Օղակաձև այգու 4-րդ գոտու վարձակալների և վարձակալության գործող պայմանների վերաբերյալ:
Ափսոսանքով հերթական անգամ փաստում ենք, որ Երևանի քաղաքապետարանի կողմից շարունակվում է իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության տարածումը, ինչն, անկասկած, ունի ոչ միայն «Արարատ» թենիսի մարզական ակումբի հեղինակությունն ու բարի համբավն արատավորելու նպատակադրում, այլև չի բխում մարզաձևի և հայկական թենիսի հասարակության նկատմամբ հարգանքի և ուշադրության դրսևորման տրամաբանությունից:
Այս անհանգստացնող փաստը հաշվի առնելով՝ հայտարարում ենք, որ «Գեյմ-Սերվիս» ՓԲԸ կողմից վճարված համայնքային սեփականություն հանդիսացող միայն հողի վարձավճարի չափը գերազանցում է տարեկան 8 մլն ՀՀ դրամը:
Մեր մտահոգությունն ենք հայտնում նաև այն փաստի կապակցությամբ, որ, իրականությունը խեղաթյուրելու ակնհայտ միտումով, Զանգվածային լրատվական միջոցներին են տրամադրվել կասկածելի, ոչ ստույգ բովանդակությամբ տեղեկանքներ (ասվածը փաստելու համար առաջարկում ենք ծանոթանալ factor.am-ի պատրաստած հրապարակմանը և դիտել ռեպորտաժը՝ սկսած 49-րդ վայրկյանից):
Հրապարակման մեջ, ի դեպ, սխալ է նշված նույնիսկ մեր ընկերության կազմակերպաիրավական տեսակը:
Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են:
«Արարատ» թենիսի մարզական ակումբի անունից մեկ անգամ ևս մեր շնորհակալությունն ենք հայտնում բոլոր այն կազմակերպություններին և անհատներին, ովքեր պայքարում են իրական արժեքների և պատմության պահպանման համար, այլ ոչ թե, միտումնավոր ապատեղեկատվություն տարածելով, փորձեր կատարում ստվեր նետել և հասարակության շրջանում բացասական վերաբերմունք ձևավորել ավանդույթները պահպանող ու սերունդներին փոխանցող ակումբի նկատմամբ՝ այդպիսով կյանքի կոչելով Երևանի պատմության ևս մի ծաղկուն ու հարազատ անկյունը բնաջնջելու օպերացիան: