Հայաստանի վիճակագրական կոմիտեի վերջին տվյալները վկայում են, որ տարեսկզբին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կյանքը էժանացել է: Համենայնդեպս սպառողական շուկայում 12-ամսյա գնանկումը հետևյալ տեսքն ունի.
2024 թվականի փետրվարին, 2023 թվականի փետրվարի համեմատ 12-ամսյա գնանկումը կազմել է 1,7 տոկոս: Ընդ որում սննդամթերքի ու ոչ ալկոհոլային խմիչքի գները նույն ժամանակահատվածում նվազել են -7,4 տոկոսով: Այս ցուցանիշի վրա ազդեցություն են ունեցել բանջարեղենի՝ -19,3 %, յուղերի և ճարպերի՝ -18.9 %, հացաբուլկեղեն և ձավարեղենի՝ -8.8 % , ձկան և ծովամթերքի -7.1 % գնանկումը: Սննդամթերք ու ոչ ալկոհոլային խմիչք շարքի ապրանքները էժանացել են նաև փետրվարին՝ հունվարի համեմատ՝ – 1,7 տոկոսով: Թերևս սպառողի գրպանի վրա գնանկումը միայն դրական ազդեցություն է թողնում: Սակայն իրավիճակի օբյեկտիվ վերլուծությունը տնտեսագետներին ստիպում է անհանգստանալ: Նրանք գնանկման պատճառ են համարում հայկական գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծավալների նվազումը, ինչի հետևանքով առանձին ապրանքներ, որոշ տնտեսագետների կարծիքով, «կատաստրոֆիկ» էժանացել են հայկական շուկայում: Մասնավորապես կարտոֆիլը 2024 թվականի փետրվարին 2023 թվականի փետրվարի համեմատ նվազել է 44,5 տոկոսով: 30,7 տոկոսով վարունգի գինն է ընկել: Երկնիշ գնանկում է գրանցվել լոլիկի, գազարի, ճակընդեղի, սոխի, պղպեղի, կանաչեղենի շուկաներում: Բանջարեղենի նշված տեսակները սովորաբար արտահանվում են ԵԱՏՄ երկրներ, մասնավորապես Ռուսաստան: Սակայն 2023 թվականի վերջին և 2024 թվականի սկզբին տնտեսվարողները սկսեցին ահազանգել, որ ապրանքը ամբարներում փչանում է, ոչ՛ կարողանում են արտահանել, ոչ՛ էլ հասցնում են տեղական շուկայում սպառել:
Շիրակի մարզի կարտոֆիլ աճեցնողները ահազանգում են, որ պարկերով կարտոֆիլը պահեստներում ծիլ է տվել: Դրանց մի մասը բարձր որակի սերմնացու է, որն արդեն պետք է պատրաստվեր հողի մեջ դնելու: Բայց գնորդ չկա: Դա շիրաակցի ֆերմերենի մի մասի հիմնական եկամուտն է: Եթե մինչև մարտի վերջ չկարողանան իրացնել, խոզերի կեր է դառնալու իրենց ամիսների չարչարանքը՝ առանց մի կոպեկ վերադարձի: