Կորցնելով հսկայական գումարներ շատ մարդիկ դառնում են ֆինանսական խարդախությունների զոհ: Բացի ճանաչված մեխանիզմից, երբ ինչ-որ բան գնելու և գումար փոխանցելու անվան տակ իբրև «Հայփոստի», իսկ իրականում «Հայփոստի» հետ որևէ կապ չունեցող էջով կորզում են բանկային տվյալներ ու հափշտակում գումարներ՝ ի հայտ են եկել նոր մեխանիզմներ: Ոստիկանությունը տեղեկացրել է, որ բազմաթիվ քաղաքացիներ հայկական հեռախոսահամարներից ստացել են SMS հաղորդագրություններ, որոնցով նրանց առաջարկել են առցանց աշխատանք՝ խոստանալով օրական մինչև 20 000 ՀՀ դրամ եկամուտ։ Այդ անձը ներկայանում է իբրև ամերիկյան կազմակերպության ներկայացուցիչ, որն իր գործունեությունը ծավալում է ամբողջ աշխարհում։ Լրացնելով անձնական տվյալները՝ մարդիկ դառնում են խաբեության զոհ և ունենում ֆինանսական կորուստներ։ Նույնաբովանդակ նամակներ են ստացվում նաև օտարերկրյա հեռախոսահամարներից: Զեղծարարները կապ են հաստատում քաղաքացու հետ, ընդ որում՝ տվյալ անձի բանկի հեռախոսահամարին շատ նման հեռախոսահամարից, ներկայանալով որպես բանկի աշխատակից՝ հայտնում են, որ քաղաքացու անունով ձևակերպվել են վարկեր, որոնց չեղարկման նպատակով պետք է անցնել հղմամբ: Այնուհետև զեղծարարներն ուղղորդում են նշված հղման միջոցով մուտք գործել տվյալ անձին սպասարկող բանկի օնլայն համակարգ և ինքնուրույն չեղարկել վարկերը։ Այդպիսով մարդիկ զեղծարարներին հասանելի են դարձնում իրենց մուտքային տվյալները, ինչից հետո խարդախները յուրացնում են նրանց գումարները: