Հարավկորեական Korea Hydro & Nuclear Power (KHNP) ընկերությունը մոտ է եվրոպական մի շարք երկրներում, այդ թվում՝ Ֆինլանդիայում և Շվեդիայում միջուկային ռեակտորների կառուցման պայմանագրեր կնքելուն, այդ հարցում հետաքրքրություն են ցուցաբերում նաև Նորվեգիան և Ղազախստանը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ընկերության ղեկավար Հվանգ Ջու Հոյին։
Ըստ անր՝ երկրների թվում, որտեղ KHNP-ն մոտ է պայմանագրեր կնքելուն, ներառված են Շվեդիան, Ֆինլանդիան, Նիդերլանդները և Սլովենիան։ Այն բանից հետո, երբ հարավկորեական ընկերությունը շահել է Չեխիայում «Դուկովանի» ատոմակայանի երկու էներգաբլոկների կառուցման մրցույթը, Նորվեգիայի և Ղազախստանի հաճախորդները հետաքրքրություն են դրսևորել նրա ռեակտորները գնելու հարցում։ Ըստ Հվանգ Ջու Հոյի՝ ընկերությունն ի վիճակի է հասնել Հարավային Կորեայի կառավարության՝ 2030 թվականին արտասահմանում տասը ռեակտոր կառուցելու նպատակին։
«Մենք արտադրանքի բազմազան շարք ունենք, կարող ենք մատակարարել ցանկացած չափի ռեակտորներ՝ մեծից փոքր, կարող ենք նաև վերազինել հին ռեակտորները՝ երկարացնելու դրանց կյանքը»,- ասել է նա։
Հվանգ Ջո Հոն նշել է, որ ընկերության օգտին է նաև այն գործոնը, որ որոշ երկրներ խուսափում են ատոմակայանի կառուցման պայմանագրեր կնքել Ռուսաստանի և Չինաստանի հետ, միաժամանակ, հավելել, որ «վերջնարդյունքում» KHNP-ն պետք է պատրաստ լինի մրցակցել նաև այդ երկրների ընկերությունների հետ։
Հարավային Կորեան իր միջուկային տեխնոլոգիաները սկսել է արտահանել 2009 թվականին՝ ԱՄԷ-ում ատոմակայան կառուցելու համաձայնագիր կնքելով։ Ներկայում KHNP-ն ատոմակայանի նախագծերի մանրամասներն է համաձայնեցնում Լեհաստանի և Եգիպտոսի իշխանությունների հետ։