Փետրվարի 10-ին ամերիկյան Firebird ընկերությունը և ԱՄՆ կառավարությունը հայտարարել են Հայաստանում արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման մեգանախագծի երկրորդ փուլի մեկնարկի մասին։ Ներդրումների ընդհանուր ծավալը գնահատվում է 4 մլրդ դոլար, իսկ նախաձեռնողների գնահատմամբ՝ նախագիծը կարող է Հայաստանը դարձնել աշխարհի հինգ խոշորագույն արհեստական բանականության կլաստերներից մեկը։
Նախագծի առանցքային բաղադրիչը մինչև 2026 թվականի վերջը Հայաստանում 50,000 GPU-ի տեղակայումն է։ Այս ընդլայնումը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ ԱՄՆ կարգավորող մարմինները թույլտվություն են տվել արտահանել լրացուցիչ 41,000 նոր սերնդի NVIDIA GB300 չիպեր։
Երկրորդ փուլի մեկնարկի մասին հայտարարվել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դ. Վենսի՝ Երևան կատարած պաշտոնական այցի ընթացքում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում նախագիծը ներկայացվել է որպես երկրի պատմության մեջ ամենախոշոր տեխնոլոգիական ներդրումը։
Վենսը նշել է, որ NVIDIA-ի հետ կապված համաձայնագիրը նոր շուկաներ և աշխատատեղեր կստեղծի երկու երկրներում՝ ընդգծելով, որ նման չիպերը «աշխարհի մեծ մասում պարզապես հասանելի չեն»։ Փաշինյանը նախագիծը կապել է 2025 թվականի օգոստոսին ստորագրված հայ-ամերիկյան կիսահաղորդիչների հուշագրի հետ՝ այն անվանելով այդ համագործակցության գործնական արդյունք։ Նրա խոսքով՝ Հայաստանում ձևավորվում է լիարժեք արհեստական բանականության գործարան և ժամանակակից տվյալների կենտրոն։
Firebird-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Ռազմիկ Հովակիմյանը նշել է, որ նոր կլաստերը Հայաստանը դարձնում է գերհաշվարկային հզորության գլոբալ կենտրոն։ Երկրորդ փուլը հաջորդում է առաջինին, որի շրջանակում հայտարարվել էր 500 մլն դոլարի ներդրում, և հիմք է ստեղծում կենսաբանական գիտությունների, ռոբոտաշինության և տիեզերական հետազոտությունների զարգացման համար։
Նախագիծն իրականացվում է NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանի, Firebird-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանի և Team Group-ի մասնակցությամբ։ Այն նախատեսում է ոչ միայն սարքավորումների մատակարարում, այլև լիարժեք տեխնոլոգիական էկոհամակարգի ձևավորում։
Ըստ հայտարարությունների՝ ԱՄՆ-ի նոր արտահանման թույլտվությունը հաստատում է նախագծի համապատասխանությունը միջազգային անվտանգության չափանիշներին և դիտարկվում է որպես Վաշինգտոնի կողմից Երևանի նկատմամբ բարձր ինստիտուցիոնալ վստահության նշան։
Տվյալների կենտրոնների գործարկումը, ըստ կանխատեսումների, կարող է զգալի ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա՝ ապահովելով երկարաժամկետ մրցակցային առավելություն համաշխարհային տեխնոլոգիական շուկայում։
Նշենք, որ NVIDIA–Firebird–Team Group համատեղ արհեստական բանականության սուպերհամակարգչային կենտրոնի կառուցման մասին առաջին անգամ հայտարարվել էր 2025 թվականի հունիսին՝ Եվրոպայում անցկացված Viva Technology համաժողովում։ Այդ ժամանակ հաղորդվել էր, որ հազարավոր NVIDIA Blackwell GPU-ներով հագեցած տվյալների կենտրոնը կարող է ընդլայնվել մինչև 100 ՄՎտ-ից ավելի հզորություն՝ Հայաստանի կառավարության աջակցությամբ։