Փարիզում Պավել Դուրովին կալանավորելը քաղաքական որոշում չէ, իր X էջում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նա ասաց, որ Պավել Դուրովի ձերբակալությունից հետո համացանցում բազմաթիվ կեղծ տեղեկություններ կան Ֆրանսիայի մասին և նշեց, որ երկիրն ամենից շատ կապված է խոսքի և հաղորդակցության ազատության, նորարարության և ձեռներեցության հետ։
«Օրենքի գերակայության պայմաններում, սոցիալական ցանցերում, ինչպես իրական կյանքում, ազատություններն իրականացվում են օրենքով սահմանված շրջանակներում՝ քաղաքացիներին պաշտպանելու և նրանց հիմնարար իրավունքները հարգելու համար: Ֆրանսիայում Telegram-ի նախագահի ձերբակալությունը տեղի է ունեցել ընթացիկ դատական հետաքննության շրջանակում։ Սա ոչ մի կերպ քաղաքական որոշում չէ։ Որոշումը մնում է դատավորների վրա»,- ասել է Մակրոնը։
Դուրովը շաբաթ օրը ձերբակալվել է Փարիզի Լը Բուրժե օդանավակայանում, ուր նա մասնավոր ինքնաթիռով ժամանել է Ադրբեջանից։ Օգոստոսի 26-ին նրա կալանքը երկարացվել է ևս 48 ժամով։ Իրավապահ մարմինները Telegram-ի ղեկավարին կասկածում են «թմրամիջոցների թրաֆիքինգի, երեխաների դեմ հանցագործությունների և խարդախության» մեջ՝ մատնանշելով մեսենջերի ղեկավարության և իշխանությունների միջև չափավորության և համագործակցության բացակայությունը: