Վարդենիս համայնքում հիմնադրվել է նորարարական սերմերի մաքրման, տեսակավորման և վերամշակման կենտրոն, որը կբացառի բերքատու մշակաբույսերի արտադրության զգալի կորուստները և կբարձրացնի բերքատվությունը Գեղարքունիքում ու հարակից մարզերում։
Կենտրոնը ստեղծվել է «Կայուն և ներառական աճ Հայաստանի լեռնային շրջաններում» (SIGMA) ծրագրի և ԷդԱգրո ընկերության համատեղ ներդրումներով։ SIGMA ծրագիրն իրականացվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության աջակցությամբ։
Նորաբաց կենտրոնը համալրված է եվրոպական արտադրության սարքավորումներով, որոնք թույլ են տալիս ժամում մշակել մինչև 2 տոննա սերմանյութ։ Ֆերմերները կկարողանան այստեղ իրականացնել հացահատիկի և հատիկաընդեղենի սերմերի մաքրման, ախտահանման և նախնական մշակման բոլոր փուլերը՝ ապահովելով որակյալ ցանքանյութի ստացում կամ այն շուկայում վաճառելու հնարավորություն։
Նախաձեռնությունը միտված է նպաստել գյուղատնտեսական արտադրության արդյունավետության բարձրացմանն ու լեռնային համայնքների կայուն զարգացմանը։