Աստղագետների միջազգային խումբը հայտնաբերել է նոր էկզոմոլորակ, որը չափերով շատ մոտ է Երկրին և բնակլիմայական պայմաններով մասամբ հիշեցնում է Մարսը։ Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով վերջին գիտական ուսումնասիրություններին։
HD 137010 b անվանումը ստացած մոլորակը գտնվում է Երկրից մոտ 146 լուսատարի հեռավորության վրա և պտտվում է արևանման աստղի շուրջ։ Հետազոտողների տվյալներով՝ այն ընդամենը 6 տոկոսով է մեծ Երկրից, իսկ իր աստղի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 355 օրում, ինչը գրեթե համընկնում է երկրային տարվա տևողության հետ։
Գիտնականների գնահատմամբ՝ մոլորակը շուրջ 50 տոկոս հավանականությամբ գտնվում է այսպես կոչված «կյանքի համար պիտանի գոտում», որտեղ տեսականորեն հնարավոր է հեղուկ ջրի առկայություն։ Սակայն պայմանները այնտեղ բավականին խիստ են. աստղը, որի շուրջ պտտվում է HD 137010 b-ը, մեր Արեգակից ավելի թույլ և սառը է, ինչի հետևանքով մոլորակի մակերևույթի ջերմաստիճանը կարող է իջնել մինչև -70°C։
Ավստրալիայի Հարավային Քվինսլենդի համալսարանի հետազոտող Չելսի Հուանգի խոսքով՝ այս հայտնագործությունը առանձնահատուկ նշանակություն ունի։ Նրա նշմամբ՝ նոր մոլորակը ոչ միայն չափերով շատ նման է Երկրին, այլև գտնվում է համեմատաբար մոտ և ունի ավելի պայծառ աստղ, քան նախկինում հայտնաբերված նմանատիպ մարմինները։
«Սա մեծ հնարավորություն է ապագա հետազոտությունների համար, քանի որ առաջիկա սերնդի հզոր աստղադիտակները կկարողանան ավելի մանրամասն ուսումնասիրել մոլորակի մթնոլորտն ու հնարավոր մակերևութային կառուցվածքը»,- նշել է գիտնականը։
Գիտնականները կարծում են, որ HD 137010 b-ը կարող է կարևոր դեր խաղալ Երկրից դուրս կյանքի որոնման ապագա ծրագրերում և խորացնել պատկերացումները՝ մոլորակային համակարգերի բազմազանության մասին։