Գլխավոր դատախազությունը նախաձեռնել է Սևանա լճի ազգային պարկի տարածքում իրականացված ապօրինի շինարարությունների և գույքի բռնագրավման գործընթաց։ Կառավարության նիստում այս մասին հայտարարել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
▫️ Պետությանը կհանձնվի ՀՖՖ նախկին ղեկավար Ռուբեն Հայրապետյանին պատկանող Սևանի ափին գտնվող «Հարսնաքար» ռեստորանա-հյուրանոցային համալիրը։
▫️ Պարզվել է, որ հողատարածքը տրամադրվել է առանց պարտադիր մրցույթի, իսկ պետությանը չվճարված վարձակալության պարտքը կազմում է շուրջ 35 միլիոն դրամ։
Նմանատիպ խախտումներ են արձանագրվել նաև նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանի անունների հետ կապվող գույքերի դեպքում։ Շատ դեպքերում սեփականությունները գրանցված են ազգականների կամ փոխկապակցված ընկերությունների անունով։
📌 Աննա Վարդապետյան
«Իրավական տեսանկյունից ճիշտ լուծումը բոլոր կառույցների քանդումն է, սակայն դրանց մի մասը կարող է ունենալ տնտեսական կամ սոցիալական նշանակություն։ Առաջարկում եմ կառավարության մակարդակով քննարկել՝ որ գույքերը կարող են պահպանվել և ծառայել հանրային նպատակների՝ առողջապահության, պաշտպանության և այլ ոլորտներում»։
🔍 Բացահայտված խախտումներ
▫️ Ազգային պարկի տարածքում հայտնաբերվել է ապօրինի շինարարության մի քանի տասնյակ դեպք
▫️ Ավելի քան 30 կառույց կառուցված է լճի թույլատրելի մակարդակից (1905 մ) ցածր
▫️ Քանդման աշխատանքներն արդեն ավարտվել են 3 վայրում
▫️ Տրվել է 23 քանդման որոշում, մի շարք դեպքերում ընթանում են քրեական վարույթներ
📍 Պետությանը վերադարձված հողեր
▫️ 2025-ին Ծովազարդի մոտ գտնվող 1.5 հեկտար հողամասը վերադարձվել է պետությանը և փոխանցվել Սևան ազգային պարկին
▫️ Դատարանը անվավեր է ճանաչել նախկին սեփականության և վարձակալության գրանցումները
▫️ Բացահայտվել են դեպքեր, երբ շինությունները գերազանցել են թույլատրելի տարածքը մինչև երեք անգամ (մինչև 9,088 քմ)
Գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ ապօրինի գույքի վերադարձման և քանդման գործընթացը շարունակական է լինելու։ Միաժամանակ կառաջարկվեն հստակ չափանիշներ, թե որ դեպքերում գույքը պետք է պարտադիր քանդվի, և երբ կարող է պահպանվել՝ հանրային շահի տեսանկյունից։