Google-ը վերանվանել է Մեքսիկական ծոցը՝ ԱՄՆ-ի օգտատերերի համար այն նշելով որպես Ամերիկայի ծոց իր Maps հավելվածում։
Ընկերությունը սկսեց փոփոխության իրականացումը այն բանից հետո, երբ ԱՄՆ կառավարությունը պաշտոնական քարտեզներում թարմացրեց անվանումը, ասվում է Google-ի երկուշաբթի տարածած հայտարարության մեջ։ Նախագահ Թրամփը պաշտոնավարման առաջին իսկ օրը ստորագրած գործադիր հրամանով հանձնարարել էր ԱՄՆ իշխանություններին կատարել այս փոփոխությունը պաշտոնական քարտեզներում։
Google-ի տվյալներով՝ միայն ԱՄՆ օգտատերերը կտեսնեն Ամերիկայի ծոց անվանումը։ Մեքսիկայի օգտատերերի համար անվանումը կմնա Մեքսիկական ծոց, իսկ աշխարհի մնացած հատվածներում քարտեզներում կցուցադրվեն երկու անվանումները՝ նախ Մեքսիկական ծոց, ապա՝ փակագծերում Ամերիկայի ծոց։
Երբ անցյալ ամսվա ընթացքում պարոն Թրամփը ստորագրեց այս հրամանը, Google-ն արդեն հաստատել էր, որ իր քարտեզներում կկատարի համապատասխան փոփոխությունը, երբ ԱՄՆ կառավարությունը թարմացնի իր պաշտոնական քարտեզները։