Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պաղպաղակի սեզոնային սպառման աճի ֆոնին սկսել է վերահսկողություն պաղպաղակ արտադրող 12 ընկերություններում։ Լաբորատոր փորձաքննության արդյունքում խախտումներ են արձանագրվել «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի մի քանի արտադրատեսակներում։
Մասնավորապես՝ մանրէաբանական նորմերին չեն համապատասխանել հետևյալ պաղպաղակները՝
- «Սենդվիչ» վանիլային և շոկոլադե պլոմբիրներ,
- «Պլոմբիր վանիլային»,
- «Սեր» պլոմբիր ջնարակապատ,
- «Պլոմբիր շոկոլադե» (կաթնայուղով),
- ինչպես նաև «Ընտանեկան» և «Էսկիմո» շարքի որոշ պաղպաղակներ (կաթնային ճարպի փոխարինիչով)։
Ձևավորված խախտումները վերաբերում են աղիքային ցուպիկի խմբի մանրէներին (ԱՑԽՄ) և մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներին (ՄԱՖԱնՄՔ)։ Բացի այդ, մի շարք նմուշներում կաթնայուղի զանգվածային մասն օրենսդրությամբ թույլատրելի նորմերից (50%) ավելի ցածր է եղել՝ ընդամենը 19-29%, ինչը համարվում է կեղծված և վտանգավոր սննդամթերք։
Արդյունքում, «Գրանդ Քենդի»-ի արտադրական գործունեության որոշ գործառույթներ կասեցվել են, սահմանվել է խախտումների վերացման ժամկետ։ Տեսչական մարմինը կտրամադրի իրացումը արգելելու, շուկայից հետ կանչելու և ոչնչացնելու կամ օգտահանելու կարգադրագրեր։
Ըստ օրենսդրության՝ սննդամթերքը համարվում է կեղծված, եթե դրա բաղադրությունը կամ մակնշումը չի համապատասխանում իրականությանը կամ թաքցնում է դրա անհամապատասխանությունը։
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին կտրամադրվի նաև տեղեկատվություն այն ապրանքների վերաբերյալ, որոնք չեն համապատասխանել կաթնայուղի զանգվածային մասի պահանջներին։
Տեսչական մարմնի վերահսկողությունն այլ արտադրողների մոտ շարունակվում է, և արդյունքները կհրապարակվեն պատրաստ լինելուն պես։