Համաշխարհային բանկի բիզնես միջավայրի նոր վարկանիշային աղյուսակում Հայաստանը հավաքել է 66.7 միավոր՝ զբաղեցնելով 37-րդ տեղը 101 երկրների շարքում։
Տարածաշրջանում առաջատար դիրքը շարունակում է պահպանել Վրաստանը, որը 75.1 միավորով ընդգրկվել է համաշխարհային լավագույն չորս երկրների շարքում։
Նշվում է, որ նոր վարկանիշը կազմվել է «Գործարար պատրաստվածություն» (B-READY) ինդեքսի հիման վրա, որը փոխարինում է նախկին «Գործարարություն» (Doing Business) ինդեքսին։ Վերջինիս հեղինակությունը լրջորեն տուժել էր 2021 թվականին, երբ բացահայտվել էր տվյալների կողմնակալություն՝ որոշ երկրների օգտին։
B-READY ինդեքսը բիզնես միջավայրն առավել համապարփակ է գնահատում՝ ուշադրություն դարձնելով ոչ միայն օրենսդրական դաշտին, այլև ինստիտուտների արդյունավետությանը, կարգավորման մեխանիզմներին և կանոնների գործնական կիրառմանը։
Վարկանիշային աղյուսակում չեն ընդգրկվել մի շարք երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը, Ուկրաինան, Լիտվան, Բելառուսը և Իրանը։