Հանրապետության հրապարակի հարևանությամբ՝ Խաչքար հրապարակում, մեկնարկել են Երևանի երկրորդ հանրային խաղահրապարակի կառուցման աշխատանքները։ Նախագիծն իրականացվում է «Կերոն» զարգացման հիմնադրամի կողմից՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանի և «Արմբրոկ» ներդրումային ընկերության աջակցությամբ։
Կողմերի միջև արդեն ստորագրվել է համագործակցության հուշագիր։
Նոր խաղահրապարակը կզբաղեցնի մոտ 800 քմ տարածք և նախատեսված է լինելու 0–3 և 3–7 տարեկան երեխաների համար։ Նախատեսվում է ստեղծել անվտանգ, հարմարավետ և ստեղծագործական միջավայր՝ ժամանակակից լուծումներով ու բարձրորակ մակերեսներով։
Խաղահրապարակը կտեղակայվի Կառավարական թիվ 1 և թիվ 3 շենքերի դիմաց, տարածքում, որը նախկինում այգու մասն էր, սակայն վերջին տարիներին օգտագործվում էր որպես կայանատեղի։ Այժմ տարածքը վերադարձվում է իր սկզբնական՝ կանաչապատ և հանրային գործառույթին։
Նախագիծն իրականացվում է «Կերոն» ընկերության նախաձեռնությամբ, որը նախկինում ևս մասնակցել է Երևանի քաղաքային տարածքների բարեկարգման և կանաչապատման ծրագրերին։